Վանքեր

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում է գտնվում Սանահինի միջնադարյան վանական համալիրը: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին`   մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին`   Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը`   Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր`   Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան`   Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին — XIIIդ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211թ.-ին: Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար`   վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ`   Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ — XIդ. սկիզբ), արևմուտքում`   բարձրադիր տեղում`   Սարգսի մատուռը (XIIդ. վերջ — XIIIդ. սկիզբ)։

ՏԱԹԵՒԻ ՎԱՆՔ

Տաթևի վանքը, որը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, անվանում են << Հայկական ճարտարապետության մարգարիտ>>: Ճարտարապետական այս սրբազան հուշարձանը կառուցվել է միջնադարում Որոտան գետի աջ ափին նույնանուն Տաթև գյուղից ոչ հեռու:

Այսօր վանքը Երևանից հեռու է 315 կմ, իսկ Գորիս քաղաքից՝ 30 կմ:Կառուցվելով IX-XIII դդ., այն նվիրված է եղել Ս.Եվստաթեոսին: Այս սուրբը Թադևոս առաքյաի աշակերտն է եղել և նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Սկզբում վանական համալիրն իրենից ներկայացնում էր ընդամենը մեկ եկեղեցի, որը կառուցվել էր IХ դարում: Այդ ժամանակ այնտեղ ընդամենը մի քանի վանական էր ապրում: XIII դարում Տաթևը դարձավ Սյունիքի եպիսկոպոսների նստավայրը: XIII դարի վերջից XV դարի կեսերը այստեղ նաև գործել է Տաթևի համալսարանը, որը միջնադարյան գիտության և փիլիսոփայության զարգացման կենտրոններից էր: Տարբեր ժամանակներում այն գլխավորել են Հ. Որոտնեցին և Գ. Տաթևացին, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի այլ նշանավոր գործիչներ:

Վանական համալիրի գլխավոր կառույցը Սբ. Պողոս-Պետրոսի եկեղեցին է, որը կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից 895-906 թթ. հին եկեղեցու տեղում: Պողոս և Պետրոս առաքյալների մասունքները հանել էին վերջինիս պատերի միջից և տեղադրել նոր եկեղեցու պատերի մեջ:

Վանքի գլխավոր տեսարժան վայրը Գավազան ճոճվող սյունաշարն է: 8 մ բարձրությամբ քարե սյունը զարդարված է խաչքարով և կարող է ինքնուրույն թեքվել և վերադառնալ նախնական դրության:
Տեղի ճարտարապետական եզակի հուշարձաններից է 1087 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին:

Սրբազան կառույցները շրջապատում են ծառայողական և բնակելի շինությունները, զանգակատունը, կամարակապ սեղանատունը և խոհանոցը, պահեստային տարածքները, որոնք կառուցվել են XVII-XVIII դարերում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *