Հերոդոտոսը հայերի մասին

Հերոդոտոսը երիտասարդ տարիքից պայքարել է իշխող կարգերի դեմ, որի պատճառով հալածվել և ստիպված լքել է հայրենի քաղաքն ու բնակություն հաստատել Սամոս կղզում: Հույն-պարսկական պատերազմների ավարտից հետո տեղափոխվել է Աթենք, շփվել հունական մշակույթի երևելի գործիչների հետ, որոնք համախմբվել էին խոշոր պետական գործիչ Պերիկլեսի շուրջը: Մոտ 10 տարի շրջագայել է բազմաթիվ երկրներում (Սև ծովի ավազանի հունական գաղութներում, սկյութների երկրում, Կողքիսում, Կիպրոսում, Եգիպտոսում, Իտալիայում,  Բաբելոնում, Պարսկաստանում և այլուր), ծանոթացել նրանց ժողովուրդներին ու պատմությանը:
Աթենքում է գրել իր նշանավոր երկը, որն Ալեքսանդրիայի գիտնականները բաժանել են 9 գրքի և պայմանականորեն անվանել «Պատմություն». բովանդակում է հունական աշխարհի և Արևելքի 240 տարվա պատմությունը:
Հերոդոտոսի երկն արժեքավոր նյութեր է պարունակում նաև հայոց պատմության հնագույն շրջանի մասին: Այն առաջին պատմագրական աշխատությունն է, որտեղ հավաստի տեղեկություններ կան Հին Հայաստանի պատմական աշխարհագրության, Հայաստանի վարչաքաղաքական ու տնտեսական վիճակի, հասարակական-քաղաքական հարաբերությունների, զինուժի և այլ բնագավառների վերաբերյալ: Խոսվում է Աքեմենյանների գերիշխանության շրջանում Հայաստանից գանձվող հարկերի, պարսկական բանակի կազմում հայկական զորքի և նրա հանդերձանքի մասին: Ուշագրավ է Հայաստանի և Միջագետքի միջև Եփրատ գետով կատարվող առևտրի նկարագրությունը:
Հերոդոտոսն առաջին պատմիչն է, որ որոշակի ծրագրով է շարադրել համաշխարհային պատմությունը՝ օգտագործելով գրավոր և բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ, ճանապարհորդությունների ընթացքում հավաքած տեղեկություններ և այլ նյութեր: Պատմիչը բարձր է գնահատել հայրենասիրությունը, որի լավագույն օրինակը համարել է աթենացիներինը:
Հերոդոտոսը նաև աշխարհագրական գիտության հիմնադիրներից է:
Հերոդոտոսի «Պատմությունը» հայերեն է թարգմանել պատմաբան և աղբյուրագետ Սիմոն Կրկյաշարյանը («Պատմություն ինը գրքից», 1986 թ.):

Հերոդոտոսը իր «Պատմության» մեջ տեղեկություններ է հաղորդում նաև հին Հայաստանի և հայ ժողովրդի մասին, որոնք թեև մեծաքանակ չեն, սակայն առանձնակի արժեք ունեն։

Ըստ Հերոդոտոսի՝ հայերը «փռյուգիական վերաբնակիչներ են» (Պատմություն, V, 73), որից կարելի է բխեցնել, թե իբր հայերը ծագում են փռյուգիացիներից։ Թեև ժամանակակից գիտությունը չի արդարացնում այդ եզրակացությունը, սակայն հայոց լեզվի և փռյուգիերենից պահպանված տարրերի համադրումը ցույց է տալիս, որ այդ երկու լեզուներն ազգակից են և թրակերենի հետ կազմել են հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղերից մեկը։

Հերոդոտոսը նաև տեղեկություններ է հաղորդում Հայաստանի տարածքի, նրա սահմանների, ներքին կյանքի և առևտրի մասին։

http://publications.ysu.am/wp-content/uploads/2019/06/Artak_Movsisyan.pdf

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *