Վահան Տերյան

Փետրվարի 9-ին (նոր տոմարով) Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան Տերյանը:

1892

Տեր Սուքիասը ծաղիկ հիվանդության վկայականի համար տեղեկանք վերցնելու նպատակով 1892-ին 7 տարեկան Վահանին տանում է Ախալքալաք: Տերյանն առաջին անգամ ծառ է տեսնում:

1895

Նա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս Խեչոյանը, որի մասին հաճելի հիշողություններ է պահպանել Տերյանը:

Սեպտեմբերին ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը` խիստ հիասթափված քաղաքի մթնոլորտից:

Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:

1896 թ. մարտ ամսին Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում (այս մասին տեղեկանք կա): Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Արամ եղբոր հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը:

1899

Համաձայն Լազարյան Ճեմարանի վարչության գրության` ստացված հունիսի 2-ին. «Հերթը հասնելու հետևանքով պատիվ ունեմ խոնարհաբար խնդրել Ձեզ, այս տարվա օգոստոսի 12-ին ինստիտուտ հասցնել Ձեր որդի Վահան Տեր-Գրիգորյանին … քնննությունները հանձնելու…»:

Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:

1902 — 1903

Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ (Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Օնիկ Օհանջանյան, Մելքոն Քարամյան ) Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական և առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաև պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,- հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo եւ այլ կեղծանուններով:

1903թ.-ի ապրիլի 7-ին Մոսկվայից Տերյանը առաջին նամակը գրում է քրոջը` Նաշոյին (Նախշուն Տեր-Գրիգորյան-Սիմոնյանին). «Ես ողջ եւ առողջ եմ և ցանկանում եմ ձեր բոլորի առողջությունը»:

Մայիսին Լազարյան ճեմարանի 6-րդ դասարանի սան Վահանը դժվարությամբ միջոցներ է հայթայթում և գալիս է տեսնելու հիվանդ մորը: Պարտքերի գնով վերադառնում է Մոսկվա: Հոկտեմբերին մահանում է Վահանի մայրը` Յուղաբեր Տեր-Գրիգորյանը: Վահանը ծանր է տանում մոր կորուստը: Հետագայում նրա հիշատակին է նվիրում մի քանի բանաստեղծություններ: Գրում է նաև «Էլեգիան» եւ «Անծանոթ աղջկան»:

1904

Մարտ ամսին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց եւ շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաեւ Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:

Դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահանը մեկնում է Կուրսկի մարզ` տեսնելու ավագ եղբորը` Ղազարոսին, ուր ընտանիքով աքսորված էր նա:

1905

Փետրվարից ճեմարանում դասերը դադարում են: Մայիսին Վահանը մեկնում է Կովկաս: Ամռանը լինում է հայրենի Գանձայում: Մի շաբաթի չափ Վահանենց ընտանիքին հյուր է լինում Ավ. Իսահակյանը: Գանձայից ոչ հեռու, Ս. Հովհաննեսի մատուռում նրանք տեսնում են շրջակա գյուղերից վարդավառի ուխտի եկած գյուղացիներին: «Նայի~ր, — ասում է Վահանն ինձ,-հիշում է Իսահակյանը,-ա~խ, ի~նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ինչ մտահոգ դեմքեր` արևով, անձրևով այրված ու բովված: Ի~նչ դառն աղքատություն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՞նչ թախծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ինչ վիշտ ու մորմոք կա նրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ եք զգում ժողովրդին: Ձեզանից հետո կամ նոր երգ պիտի ասել կամ պիտի լռել»:

Օգոստոսի 27-ից Վահանը Մոսկվայում է. շուտով քննություններ է տալու և պարապում է: Նոյեմբեր-դեկտեմբերին Լազարյանը փակվելու պատճառով Վահանը լինում է հայրենի Գանձայում: Դեկտեմբերի վերջին ընկերոջ` Պողոս Մակինցյանի հետ մեկնում են Շիրակի գյուղերը ` դաշնակցական քարոզչական աշխատանք տանելու ժողովրդի շրջանում. կարճ ժամանակ հետո հիասթափվում է դաշնակցությունից: Գրում է «Շիրակի դաշտերից», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Կարոտ», «Տխուր զրույց», «Հրաժեշտի խոսքերից», «Մթնշաղ», «Սենտիմենտալ երգ», «Անջատման երգ» և այլ բանաստեղծություններ:

1906

Հունվարի 9-ին Ալեքսանդրապոլից գրում է Սոնա Օտարյանին. «Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ, այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է : … Ավետիքը անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է, և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկական ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ անմիջական զգացմունքի արտահայտություններ են»: Փետրվարին Վահանը Մոսկվայում է: Մայիսի վերջին ավարտում է Լազարյան ճեմարանը, ստանում հասունության վկայական: Ամռանը մնում է Մոսկվայում: Սուղ միջոցներով մի կերպ սենյակ է վարձում և աշխատանքի մտնում մի նոտարի մոտ` ամիսը 25 ռուբլի «ռոճիկով» (աշխատավարձով): Սակայն աշխատանքը «սաստիկ ծանր էր», շուտով թողնում է այն:

Օգոստոսին ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Դեկտեմբերի 3-ի ուշ գիշերին խուզարկում են Վահանի համեստ բնակարանը: Նրա մոտ գիշերում էր Օնիկ Օհանջանյանը: Թեև ոչինչ չեն գտնում, բայց երկուսին էլ ձերբակալում են: Դեկտեմբերի 13-ին Վահանին ազատում են, ընկերը մնում է բանտում` «իբրև քաղաքականապես վնասակար անձնավորություն», որին դատ է սպասվում:

Գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Աշնան մեղեդի», «Հրաշք աղջկան», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ: «Մուրճ» ամսագրի 7, 9, 11-12 համարներում տպագրվում է Վահան Տեր-Գրիգորյանի «Էլեգիա», «Էստոնական երգ», «Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում», «Աշնան երգ» բանաստեղծությունները:

1907

Մայիսի սկզբին Մոսկվայից մեկնում է Բաքու. Ճանապարհին հիվանդանում է և ստիպված կանգ է առնում Մոզդոկում ավագ եղբոր` Ղազարոսի մոտ: Մայիսից հունիսի վերջերը Վահանը Բաքվում է` Ալ. Մյասնիկյանի մոտ: Օգոստոսին Գանձայում է: 29-ին Օնիկ Օհանջանյանին գրած նամակից. «… Եվ թախիծը .. Հենց որ իջնում է մթնշաղը, գյուղը լռում է, իջնում է իրոք գերեզմանային լռություն, որը երբեմն խախտվում է նաև շների հաչոցով: Թվում է, թե գերեզմանոցում ես ապրում: Ահա հենց այդ ժամանակ է, որ անտանելի ծանր է լինում, և հոգիդ պարուրում է ճմլող, կուրծքդ ցավելու աստիճանի սեղմող թախիծը: Եվ թվում է` գիշերը վերջ չունի: Լույսի, որևէ ձայնի խելահեղ տենչը համակում է քեզ, և վախենում ես սեփական ձայնիցդ: Թախի~ծ: Անդրշիրիմյան լռություն: Անվախճան գիշեր… Ի~նչ կտայի մի անսպասելի մտերմիկ ողջույնի, հարազատ ձայնի մի հնչյունի համար… Դու երջանիկ ես, Օնի’, դու քույր ունես, քո կողքին մարդ կա, որին կարող ես վստահել խոհերդ ու անուրջներդ: Քաղցր է ունենալ մի մարդ, որը կարող է հասկանալ քեզ, որի կրծքին ազատորեն կարող ես լալ կյանքիդ, չիրականացած երազներիդ, մոլորություններիդ ու հույսերիդ ողջ դառնությունը: Դու հրաշալի մայր ունես: Ես էլ մայր ունեի, և նա ինձ կհասկանար, եթե ոչ գլխով, ապա սրտով…»:

Աշնանը Մոսկվայում գրում է «Մոսկվա, դեկտեմբերի 12», «Պայմանական թատրոն» հոդվածները, որոնք տպագրվում են «Անկախ մամուլի» 1907թ. 16 եւ 20-րդ համարներում:

Մոսկվայի Գեղարվեստական Թատրոնի (MXАT-ի) հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին լազարյանցի էր: Ճեմարանի սաներն անվճար հաճախում էին ներկայացումներին: Տերյանը շատ էր սիրում թատրոն: Գրում է «Իրիկնաժամ», «Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում», «14 տող», «Աշնան տրտմություն», «Սև գիշերն իջավ իր անմահ գահից», «Երբ պայծառ օրդ տխուր կըմթնի», «Fatum», «Անջատման երգ», «Հրաժեշտի խոսքերից», «Կոշմարը», «Հոկտեմբերին» և այլն:

1908

Մարտի 10-ին Մոսկվայից Ավ. Իսահակյանին գրում է «Երգեր ու վերքեր» ժողովածուից ստացած իր տպավորությունների մասին. «Դու հայ բանաստեղծների մեջ իմ ամենասիրելի բանաստեղծն ես` քո անհատական լիրիկայով» (ընդգծումը բնագրում է):

Ց. Խանզադյանին ուղղած նամակում գրում է Թումանյանից ստացած տպավորության և իր բանաստեղծությունների վերաբերյալ Թումանյանի արտահայտած կարծիքի մասին. « …չնայած իր պարզության, նա իմ վրա տպավորություն գործեց: Ինչ-որ գյոթեական բան կա նրա մեջ: Գուցե հասա՞կը կամ հենց այն հանդարտ պարզությու՞նը: Չգիտեմ»: Թումանյանը ծանոթացել է տպագրվելիք «Մթնշաղի անուրջներին». «Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքի հետ չեք խաղում.. Ես Ուրախությամբ եմ ողջունում Ձեր մուտքը գրական ասպարեզ. բարով եկաք» (ընդգծումը բնագրում է):

«… Թիֆլիսում պատահեցի Վահանին,- հիշում է Ավ. Իսահակյանը:- Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը` «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հովհ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ` անկեղծ կարծիքս իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է մեկը մյուսի հետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած` ես անհամբերությունից մղված գոչեցի. «Կեցցե’ս, Վանիկ ջան, հրաշալի մաքուր լիրիկա: Վահանի նիրհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ. «Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունիմ»:

Մայիսի վերջից մինչև օգոստոս Վ. Տերյանը Գանձայում է: Ամռանը Թիֆլիսում լույս է տեսնում Վ. Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն «Մթնշաղի անուրջներ» խորագրով, որի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը` ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները», հռչակեց որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում»:

Կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Երկրպագուներին թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները: Ամենուրեք` երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլէգիաները: Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով: Երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց` «Մթնշաղի անուրջները»:

1909

Օգոստոսին Մոսկվայից Վ. Տերյանը եւ Ս. Օտարյանը նամակ են գրում Հովհ. Թումանյանին և արտահայտում իրենց ջերմ համակրությունը` Ռ. Դրամբյանի դեմ «Մշակում» տպագրած Թումանյանի «Ոչ-գրական ոչնչությունները` քննադատ» պատասխան հոդվածի առթիվ. «Մենք` ներքոստորագրողներս, կարդալով «Մշակում» Ձեր հոդվածը` հայտնում ենք Ձեզ մեր ջերմ համակրությունը և ցանկանում ենք Ձեզ կատարյալ հաջողություն` շարունակելու Ձեր «պլազիտային» գրական գործունեությունը, որի բարձր գնահատողների թվին պատկանում ենք նաև մենք: Օգտվելով հանգամանքից` մեր սրտագին ուրախությունն ենք հայտնում Ձեզ` բանտից ազատվելու առիթով:
Ընդունեցեք բարևներ և մեր հարգանքը»:

Գրում է «Փողոցի երգը», «Անվերջ գիշերի մռայլ վիհերում», «Տխուր երգը», «Մարել ես արդեն, մեռել ես հավետ», «Չգիտեմ` այս տխուր աշխարհում», «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ», «Դու չքացել ես», «Անդարձ աշխարհի վարդագույն միգում», «Ես նստում եմ մենակ, մենակ» և այլն:

1910

Հունվարից ապրիլ` Մոսկվայի համալսարանում սովորելուն զուգընթաց, Տերյանը զբաղվում է «Գարուն» գրական-գեղարվեստական ալմանախի խմբագրությամբ և  հրատարակությամբ: Նամակներ է գրում Ց. Խանզադյանին և Մարթա Միսկարյանին:
Մայիս-օգոստոսին մեկնում է Կովկաս: Ամառն անց է կացնում Թիֆլիսում, Ախալքալաքում և հայրենի Գանձայում: Սկսում է թարգմանել Օսկար Ուայլդի «Սալոմեն» ֆրանսերեն բնագրից, զբաղվում է «Գարունի» համար բաժանորդներ գտնելու և երկրորդ գրքի հրատարակության հարցերով: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ց. Խանզադյանին, Մ. Միսկարյանին: Լույս է տեսնում «Գարունի» առաջին գիրքը:

Նոյեմբերի 17-18-ին «Հորիզոն» թերթի 256 եւ 257-րդ համարներում տպագրվում է նրա «Լև  Տոլստոյի թաղումը» և «Յասնայա Պոլյանայում» հոդվածները, ուր բանաստեղծն իբրև ականատես նկարագրում է ռուս մեծ գրողի հուղակավորությունը և գրում է. «Լ. Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ողջ աշխարհը…»:

Դեկտեմբերի 8-ին «Գարուն» ալմանախի խմբագրության հանձնարարությամբ Տերյանը նամակ է գրում Հովհ. Թումանյանին և խնդրում որևէ գրվածք ուղարկել «Ալմանախի» երկրորդ գրքում տպագրելու համար: Գրում է «Մոռացված ուղի», «Գիշերամուտ», «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին», «Խորհրդավոր սեր», «Վերադարձ» և այլն:

Թիֆլիսում հրատարակվում է Արսեն Տերտերյանի «Վահան Տերյան. ցնորքի ծարավի և հաշտության երգիչը» գիրքը:

1911

Հունվարին «Հորիզոնի» 16 և 17-րդ համարներում տպագրվում է Տերյանի «Անունը կա, ամանումը չկա» հոդվածը, թարգմանության մասին նրա մտորումները: Փետրվարին Մոսկվայում Վահան Տերյանը ամուսնանում է Սուսաննա Պախալովայի հետ: Հարսնահայրը Կարապետ Կուսիկյանն էր, խաչեղբայրը` Ց. Խանզադյանը: Մասնակիցների թվում էին Ալ. Ծատուրյանը, Ալ. Մյասնիկյանը, Պ. Մակինցյանը և  ուրիշներ:

Մայիսի 19-ին Մոսկվայից «Գարուն» ալմանախի խմբագրության անդամներ Ց. Խանզադյանը, Ալ. Ծատուրյանը, Կ . Կուսիկյանը, Կ. Միքայելյանը, Վ. Տերյանը հեռագիր են ուղարկում Ալ. Շիրվանզադեին` գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ:

Հունիսին Սուսաննայի հետ մեկնում է Ստավրոպոլ` կնոջ ծնողների մոտ:
Օգոստոսին Մոսկվայից Միսկարյանին գրում է. «Հարցնում եք` ինչ եմ անում, պարապում եմ: Պատրաստվում եմ աշնանային քննություններին ( նզովյալ լինեն դրանք): Տենչում եմ այս տարի դասընթացն ավարտել: Տեսնենք, կհաջողվի՞, թե՞ ոչ: Բացի այդ զբաղվում եմ բանաստեղծություններիս հրատարակման գործով, որոնք մի բավական ստվար հատոր կկազմեն: Ենթադրում եմ ամենակարճ ժամանակում անցնել տպագրությանը և առաջիկա աշնանը լույս ընծայել»:

Նոյեմբերին Մոսկվայից Ց. Խանզադյանին գրած նամակից իմանում ենք, որ Տերյանը Պողոս Մակինցյանի հետ կազմակերպել է «Պանթեոնի» խմբագրությունը, կազմակերպել է Հովհաննես Հովհաննիսյանին նվիրված գրական երեկո` գրական գործունեության 30-ամյակի առիթով: Երեկոյին մասնակցում են Բարխուդարյանը, Վեսելովսկին, Զարիֆյանը, Կուսիկյանը, Մակինցյանը, Մամիկոնյանը, Տերյանը: «Պանթեոնի» խմբագրությունը հեռագիր է ուղարկում բանաստեղծին: Գրում է. «Ինքնօրորում», «Անդարձություն», «Ուշացած սեր», «Անտրտնջություն», «Գարնան լուսե ամպի նման», «Դու խոսում ես, բայց կարծես», «Ձմռան գիշեր» ևայլ բանաստեղծություններ: Լույս է տեսնում «Գարունի» երկրորդ գիրքը:

1912

Հունիսին գրում է Անթառամին. «Ավարտական վկայական ստացա և հիմա մի քանի օրով հանգստացա, հետո նորից կսկսեմ պարապել: Իսկ պարապմունքներ շատ ունեմ, Անտենկա: Այնքան շատ, որ մի կյանք չի բավականանցնի»:

Հունիս-օգոստոսին Տերյանը Ստավրոպոլում է` կնոջ ծնողների մոտ: Զբաղվում է Արթուր Շինցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վիպակի թարգմանությամբ:
Հոկտեմբերին Վալերի Բրյուսովից կատարած «Լինե~լ մենա~կ…» և «Տխուր երեկո» բանաստեղծությունների թարգմանությունները տպագրվում են «Հուշարարի» առաջին և երկրորդ գրքերում:

Նոյեմբեր- դեկտեմբերին Մոսկվայում բանաստեղծը նյութական ծանր վիճակում է: Սկսում է պոեմ Լազարյան ճեմարանի մասին, որը մնում է անավարտ:
Մոսկվայում լույս է տեսնում Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, որի շապիկը ձևավորել է Մարտիրոս Սարյանը:

Պողոս Մակինցյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի թարգմանությամբ հրատարակվում է Արթուր Շնիցլերի «Երկերի ժողովածուի» առաջին հատորը` «Պանթեոնի» հրատարակությամբ:

Գրում է «Ցնորք», «Շշուկ ու շրշյուն», «Այս գիշեր նորից լալիս էր քամին», «Գիշեր», «Արևածագ», «Կարուսել» եւ այլ բանաստեղծություններ: Լույս է տեսնում «Գարունի» երրորդ գիրքը:

1913

Մարտի 30-ին Վալերի Բրյուսովին հայտնում է, որ նրա ուղարկած լուսանկարն իր կատարած 10-ը ոտանավորների թարգմանություններով ու մի ակնարկով ուղարկել է Վենետիկ «Գեղարվեստ» հանդեսի համար: Ստորագրել է. «Ձեր պոեզիան սիրող և  Ձեզ խորապես հարգող Վահան Տերյան»:

Մայիսին գրում է Ց. Խանզադյանին, որ պահանջել են երեք առարկայից ևս քննություն հանձնել` դիպլոմ ստանալու համար, որոնց ինքը պատրաստված չի եղել, ուստի հրաժարվել է և  հետաձգել. «Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով, պետք է գրել,  քանի գրվում է, քանի հոգում պոեզիայի կրակ կա, քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից: Ազատություն եմ ուզում տալ հոգուս և խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ «հալածված ու ճնշված են եղել»:

Հուլիսի 9-ին շտապ մեկնում է Ստավրոպոլ: Գրում է Ցոլակին. «Այս վերջերս վրաս, չգիտեմ ինչու, գրելու հավաս է եկել, և օրը մի քանի բան թխում եմ- ի՞նչ է, ի՞նչ չէ, ինքս էլ չգիտեմ դեռ, հետո կտեսնեմ, իսկ առայժմ գրվում է, ես էլ գրում եմ… Բայց տպելու մասին դեռ չեմ մտածում: Մի լավ պոեմ եմ մտածել, բայց ժամանակ չկա. դրա համար շատ ժամանակ է պետք. ոտանավորը կարճ է, քիչ ժամանակ է պահանջում». Հոկտեմբերին գրում է. «Երեք շաբաթ է Պետերբուրգում եմ: Եղա Մառի մոտ –ստիպեց մտնել համալսարան»: Հոկտեմբերից Տերյանը Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի ուսանող է` ամսական 50 ռ. թոշակով: Զբաղվում է հայոց եւ արևելյան լեզուների ուսումնասիրությամբ` աշակերտելով Նիկողայոս Մառին:

Նոյեմբերին հեռագիր է ուղարկում Հովհ. Թումանյանին. «Հիվանդ եմ, նյութապես ծայրահեղ դժվարին վիճակում. խնդրում եմ, եթե հնարավոր է, ճարեցեք փոխարինաբար 150 ռուբլի: Հուսով եմ ինձ կպաշտպանեք ստորացումներից, ավելորդ խոսակցությունից: Ընդունում եմ նյութական բնույթի ամեն պայման: Սպասում եմ շուտափույթ հեռագրական պատասխանի»:

Դեկտեմբերի 11-ին Թումանյանին գրած նամակում շնորհակալություն է հայտնում փողը ստանալու և Հայ գրողների ընկերության` իրեն նվիրած նոյեմբերի 28-ի հերթական երեկույթում Թումանյանի ջերմ պաշտպանության առիթով: Գրում է «Մի՞թե վերջին պոետն եմ ես», «Սիրելի Պաոլո Մակինցյանին», («Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց»), «Դարձյալ իջավ գիշեր, դարձյալ ու կրկին», «Այս հին ու նոր գրքերի վրա կորացած» և այլն:

1914

Հունվարի 12-ին Պետերբուրգից հեռագիր է ուղարկում. «Թիֆլիս. Հայ գրողների ընկերության մեծահարգ պարոն նախագահին.
Մեծապատի’վ պարոն Թումանյան,
Ստացա և ուրախությամբ կարդացի հարգո Վարչությանդ գրությունը, որով հայտնում եք, որ Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովը պատիվ է արել ինձ` Ընկերության անդամ ընտրելու: Թույլ տվեք հանձին Ձեր, հայտնել համակրելի Ընկերության հարգելի անդամներին իմ ամենախորին ու ջերմ շնորհակալությունը: Կուզեի հավաստիացնել Ձեզ, որ իմ ուժերը ներածին չափ պիտի ջանա անօգուտ ու անպետք չլինել Ընկերությանը, որի առաջադիմությանն ու հաջողությանը նպաստելը ամեն գրասեր հայի պարտքը պետք է համարել:
Ձեր Վահան Տերյան»:

Հունվարի 24-ին Բաքվից հեռագիր է գնում Թիֆլիսի «Հորիզոնի» խմբագրությանը, որի մեջ ասված է. «… Թող հայտնի լինի, որ հայ ժողովուրդը հավիտյանս պարտական պիտի մնա Հովհ. Թումանյանին: Ոչ մի հայհոյանք չպիտի կարողանա մթագնել մեր գրականության կարմիր արևը. նա կփայլի, քանի կենդանի է մեր ժողովուրդը և նրա մահից հետո ևս, ինչպես ացտեկների բանաստեղծ ոմն Տետցկոյոտլ, որն ապրում է ցարդ, թեև վաղուց բնաջնջվել է նրա ժողովուրդը…»:
Վահան Տերյան
Ցոլակ Խանզադյան
Պողոս Մակինցյան

Վահանի համաձայնությունը ստացել են Պետերբուրգից:
Հունվարի 29-ին Տերյանը հեռագիր է ուղարկում «Մշակի» խմբագրությանը և հրաժարվում աշխատակցելուց, քանի որ թերթը մի կատարյալ հարձակում էր սկսել Թումանյանի դեմ: «Չեմ կարող ծածկել զայրույթս և չբողոքել այդպիսի քայլերի դեմ, որոնք միանգամայն անթույլատրելի են գրական էթիկայի տեսակետից»:

Փետրվարի կեսերից մինչև մարտի սկիզբը` երեք շաբաթից ավելի երիկամների պատճառով պառկում է հիվանդանոցում: Ապրիլին Տերյանը Գանձայում է: Մահացել է տեր Սուքիասը` 74 տարեկանում: Ապրիլի 30-ին Թիֆլիսի երաժշտական ընկերության դահլիճում հանդես է գալիս «Հայ գրականության գալիք օրը» թեմայով դասախոսությամբ: Մայիսի 29-ին հեռացվում է Պետերբուրգի համալսարանից` ուսման վարձը չմուծելու պատճառով: Հունիսի երկրորդ տասնօրյակին Տերյանը և Սուսաննան Պետերբուրգից գնում են Գանձա: Պետերբուրգ վերադառնալուց առաջ այցելում են Խանզադյաններին` Մեծ Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր): Ցոլակ Խանզադյանի կինը ` Վարյան,  վկայում է, որ միասին քաղաքում զբոսնելիս` Վահանը ամոթխածությամբ էր ընդունում իր երկրպագուհիների մատուցած ծաղիկները: … Տեղի ամառային ակումբում կազմակերպված երեկոն ջերմ վերաբերմունքի նոր ապացույցներ է տալիս. «Լեփ-լեցուն դահլիճը լարված ուշադրությամբ լսում էր Տերյանի բանաստեղծությունները, որ արտասանում էր նա անձամբ…»:

Նոյեմբերի 20-ին համալսարանի վարչությունը վերականգնում է ուսանողական իրավունքները` նրա դիմումի համաձայն: Դեկտեմբերին գրում է Նվարդ Թումանյանին. «Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ ու անօրգանական» (ընդգծումը բնագրում է):

Դեկտեմբերի 26, 27, 28, 30 – «Մշակի» համարներում տպագրվում է Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը: Գրում է «Պետերբուրգ» սոնետը և «Էքսպրոմտը»:

1915

Ապրիլի 2-ին գրում է Կարեն Միքայելյանին. «Երեկ Մաքսիմ Գորկու մոտ էի, որն իր մոտ էր հրավիրել գրական գործով: Նա ուզում է հրատարակել «Армянский сборник» (հայ գեղարվեստական գրականությունից հանգամանալի ներածությամբ) և այդ ժողովածուն կազմելը հանձնարարեց ինձ»:

Գարնանը հայ ժողովրդի մասսայական բնաջնջման` եղեռնի լուրը հասնում է ամենուր: Օգոստոսին գրում է Ցոլակին. «Դիտմամբ չեմ գրում ներկա դեպքերի մասին: Հասկանում ես, որ անհնար է այդ ահավոր բաների մասին նամակ գրել: Ես միանգամայն շշմած եմ և զարհուրած…Կովկասից եկող լուրերը հոգեկան տխրություն են լցնում մարդու սիրտը… Այդ լուրերը սպանիչ ազդեցություն են գործում»:

Հուլիսի 21-ին նամակ է գրում Մ. Գորկուն.

«Մեծարգո Ալեքսեյ Մաքսիմովիչ,
Մոտ օրերս պատրաստ կլինի Սունդուկյանի «Պեպոյի» բառացի թարգմանությունը: Բարի եղեք հայտնել ինձ, թե ինչպես վարվեմ:
Թարգմանությունն ուղարկեմ Ձե՞զ, թե՞ գամ…
Անկեղծ Ձեզ սիրող եւ հարգող
Վահան Տերյան»:

Սեպտեմբերի 8-ին Մուստա Միակիից գրում է Անթառամին. «Հիմա, ես Ֆինլանդիայում` Գորկու մոտ եմ: Նրա հետ թարգմանում ենք «Պեպոն»: Հոկտեմբեր-դեկտեմբերին զբաղվում է «Հայ գրականության ժողովածուի» ռուսերեն թարգմանությամբ և հրատարակման հարցերով: Գրում է «Երկիր Նաիրի» շարքը. մի մասը Տերյանը գրել էր 1915-ին` «Այնպես անխինդ են ու նման լացին», «Դու հպարտ չես, իմ հայրենիք», «Մշուշի միջից, տեսի~լ դյութական», «Կարծես թե դարձել եմ ես տուն», «Հիշում եմ, ինչպես այն ուշ…» , «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց», «Ինչպես չսիրեմ երկիր իմ կիզված»:

1916

Հունվարի սկզբին Տերյանը Երևան է մեկնում: Պ. Մակինցյանը դասախոս էր Էջմիածնի Գեւորգյան Ճեմարանում: Հունվարի 8-ին Վալերի Բրյուսովը Բաքվում հանդես է գալիս հայ գրականության մասին դասախոսությամբ: Ի պատիվ Բրյուսովի`  կազմակերպվում է ընթրիք, որի ժամանակ ստացվում է Վ. Տերյանի և Պ. Մակինցյանի հեռագրիը. «Նաիրական երկրից ջերմ ու սրտագին ողջունում ենք մեր թանկագին հյուր Վալերի Յակովլևիչին և քնքշորեն գլուխ խոնարհեցնում Իոաննա Մատվեևնայի առջեւ»:

Հունվարի 18-ին Երևանում Վ. Բրյուսովը դասախոսություն է կարդում գրականության մասին. անդրադառնում է նաև բեմում նստած Տերյանին և նրան ներկայացնում ներկա հասարակությանը:

Ապրիլին Պետրոգրադում Տերյանի առողջական վիճակը վատթարանում է: Պատրաստվում է արաբերենի քննության: Պ. Մակինցյանի հետ որոշում են աշնանը հրատարակել «Գարունի» 4-րդ գիրքը:

Մայիսին Պետրոգրադից գրում է Նվարդ Թումանյանին. «Ցավում է կուրծքս, հազում եմ և շատ թույլ եմ զգում ինձ: Չկարծես, թե հիվանդացել եմ «բանաստեղծական» հիվանդությամբ, այսինքն` թոքախտով: … Ո’չ: Դեռ ոչ: Բայց բժշկի ասելով` առայժմ վտանգ չկա, բայց եթե միջոցներ ձեռք չառնեմ, վտանգավոր կդառնա հիվանդությունս: … Ասում է, որ պետք է գնալ- Хотя бы в Ялту (լավ է ասում, չէ՞…)» … Շարունակում է. «Ինձ մի դժբախտություն էլ պատահեց. Սուսաննան մի քանի օր առաջ մի աղջիկ ունեցավ, որը, տարաբախտաբար, վախճանվեց` ի մեծ վիշտ իմ  և մանավանդ Սուսանի»:

Օգոստոսի երկրորդ կեսին գրում է Ց. Խանզադյանին, որ թարգմանում է Շոթա Ռուսթավելիի «Ընձենավորի» նախերգանքը: Հոկտեմբերին Պետրոգրադում հանձնում է արաբերենի քննությունը: Ց. Խանզադյանին է ուղարկում Բոդլերից կատարած թարգմանությունները և «Իջնում է գիշերը անգութ ու մթին», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլ բանաստեղծություններ` Բաքվի «Գործում» տպագրելու համար: Գանգատվում է առողջությունից: Մտահոգություն է հայտնում «Գարուն» ալմանախի 4-րդ գրքի հրատարակության հետ կապված հարցերի մասին («Գարունի» 4-րդ գիրքը այդպես էլ լույս չի տեսնում): Բժիշկները խորհուրդ էին տալիս շտապ գնալ Սուխում` տուբերկուլյոզը բուժելու համար, սակայն առողջարան գնալուց առաջ պետք էր լուծել զինվորագրության հարցը:

Դեկտեմբերի 31-ին Տերյանը գնում է Երևան:

1917

Հունվարի 15-ին Երևանում ենթարկվում է բժշկական քննության: Բժիշկ Ամենակ Մելիքյանի կողմից տրված վկայականում գրված է. «Տրվում է սույնը Երևան քաղաքում բնակվող Վահան Սուքիասի Տերյանին նրա անձնական խնդրանքով, Երևանի Գավառական զինվորական ատյան ներկայացնելու համար առ այն, որ նա տառապում է աջ թոքի տուբերկուլյոզով, որ խորխը քննելիս նրա մեջ հայտնաբերված են տուբերկուլյոզային բացիլներ, որ այդ հիվանդությունից նա բուժվում էր ինչպես ինձ, այնպես էլ ուրիշ բժիշկների մոտ, որը և հաստատում եմ ստորագրությամբ և անվանական կնիքով»:

Հունվարի 16-ին գավառական զինվորական ատյանը հաստատում է. «Տեր-Գրիգորյանց` նույն ինքը Տերյան Վահան Սուքիասի (քահանայի որդի, Մոսկվա քաղաքի բնակիչ, ծնված 1885թ. հունվարի 28-ին) խոտանված` 1912 թվին զինվորական ծառայություն կատարելու զորակոչի ժամանակ: Երևանի Գավառական զինվորական ատյանի ստուգողական ծառայություն կատարելու քննության ժամանակ ճանաչված է միանգամայն ոչ պիտանի զինվորական ծառայության համար` ըստ 1917 թվի հունվարի 16-ի նո. 113-60 Ա. Հոդվածի»:

Գրում է մեծ եղբորը` Ջավախեցուն 1917-ի հունվարին Պետրոգրադից. «… Կյանքիս վերջին օրերն եմ ապրում: Ղազար ջան, ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է… Դեռ ինչքա~ն գործ կա անելու… Սու’տ է : Ղազա’ր ջան , սո’ւտ. խաբում են ինձ բոլորը… Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում է»:

Հունվարի 18-ին Երեւանի քաղաքային ակումբի սրահում Տերյանը «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին» թեմայով դասախոսություն է կարդում: Երեկոյի վերջում արտասանում է «Հրաժեշտի գազելը»:
«Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով…»

Փետերվարի 7-ին ընդունվում է Սուխումի Կոշկույի առողջարան`  թոքախտից բուժվելու նպատակով: Փետրվարի 11-ին նամակներ է գրում Մարգարիտա Շահխաթունուն, Ց. Խանզադյանին, Նվ. Թումանյանին, Կ. Միքայելյանին, որտեղ գանգատվում է իր վատ տրամադրությունից և  ֆիզիկական վիճակից, նաև անդրադառնում է գրական խնդիրներին. Ստ. Զորյանին խնդրում է, որ «Մշակի» համարներն իրեն ուղարկվեն առողջարանի հասցեով:

Մարտի 17-ին Փետրվարյան հեղաշրջման առիթով Գրում է Մ. Շահխաթունուն. «Վերջին դեպքերը այնքան հուզիչ են, որ ոչ միայն գրել, այլև հանգիստ նստել չի կարողանում մարդ: …Այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպիսի ժամանակ Պետերբուրգ լինելու փոխարեն ընկած եմ այս անկյունում: Մինչդեռ եթե լինեի այնտեղ, եթե ոչ մասնակից, գոնե ականատես  կլինեի անցքերին»: Նույն օրը հեռագրում է Հովհ. Թումանյանին. «Շտապ, Թիֆլիս, Վոզնեսենսկայա 18, Թումանյանին, Սուխումից: Խոնարհաբար խնդրում եմ գրողների նախագահին, Թիֆլիսի պետական իշխանությունների միջոցով շտապ դիմել տեղիս իշխանություններին, որպեսզի ինձ պաշտպանեն բժիշկ Շուլցի եւ առողջարանի տնօրենի ծանակումներից: Այստեղ ոչ ոքի չճանաչելով, հիվանդ` ես անզոր եմ: Տերյան»:

Թումանյանի օգնության շնորհիվ հարաբերությունները կարգավորվում են:
Մարտ ամսին Սուխումից Ավետիք Իսահակյանին է ուղարկում «Сборник армянской литературы» երկու օրինակ:

«Առողջությունս ավելի լավ է, — գրում է Ց. Խանզադյանին,-բայց դեռ էլի պիտի բժշկվեմ: Այս օրերս կգնամ Թիֆլիս: Այնտեղից էլ գուցե գնամ գյուղ: Հեղաշրջումն ինձ շշմեցրել է… Եվ սիրտս ճաքում է, որ ոչինչ չեմ կարող անել»:

Ապրիլի 11-ին «Մշակի» 72-րդ համարի «Ներքին լուրեր» խորագրի տակ կարդում ենք. «Թիֆլիս վերադարձավ բանաստեղծ Վահան Տերյանը Սուխումից, ուր նա բժշկվում էր երկու ամսից ի վեր: Բանաստեղծի առողջական դրությունը լավ է, և վտանգը անցած կարելի է համարել»:

Երկու քառատող է գրում Ռ. Զարդարյանի ալբոմում.

Մի’ տրտնջա ցավիդ համար-սիրո առատ աղբյուր է նա,
Մի’ ափսոսա մեղքիդ համար-սիրտը մաքրող սուրբ հուր է նա.
Թե սերն անցնի, մի’ մորմոքա-կը մնա հուշ- մաքուր է նա,
Սիրտդ թող միշտ խնդա կամ լա-մահ է մթին, երբ լուռ է նա:
* * *
Ասածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,-
Չասածներիդ համար պիտի ասես` ափսո~ս, հազա~ր ափսոս:
Վահան Տերյան ասաց-ավա~ղ, ինչո՞ւ դրիր սրտի~ս կապանք,
Քանի~ սերեր, քանի~ հուրեր զուր հանգցրի- հազա~ր ափսոս…

1917, գարուն,Թիֆլիս

Մայիսին ծնվում է Տերյանի երկրորդ աղջիկ երեխան, որն ապրել է հավանորեն մինչեւ 1918-ի ապրիլը. մահացել է Ստավրոպոլում, ուր Սուսանը մեկնել էր Պետրոգրադից հունվարին երեխայի հետ: Տերյանը նրան է նվիրել «Իմ բալիկին» խորագրով բանաստեղծությունների շարքը: Ապրիլ-օգոստոսին Գանձայում է: Հայրենի լեռնաշխարհի կենարար օդն ու ջուրը, հարազատների հոգատարությունը վերականգնում են Տերյանի ուժերը: Նամակներ է գրում Կ. Միքայելյանին, Ստ. Զորյանին, միտք ունի Պետրոգրադ մեկնել; Մ. Շահխաթունուն գրում է. «Ի~նչ տխրալի է, սիրելի’ս, որ Կովկասը թողնում եմ առանց Ձեզ տեսնելու: Առհասարակ հայրենիքս թողնոմ եմ տրտմությամբ և ինչ-որ տագնապի զգացումով: … Ես հիմա այնպես տխուր-տխուր եմ, բայց և թեթեւ, կարծես վախճանվել եմ, կարծես կենդանի չեմ արդեն, այլ սոսկ ստվեր, հուշ, որևէ տեղ: «Վահան Տերյան» Ձեր, բոլոր նրանց, ում սիրում եմ, ով քնքուշ էր դեպի ինձ: «Վահան Տերյան»-արդյոք ե՞ս եմ այդ: Իսկապես ինչպիսի~ հանգուցյալ եմ ես:

Մտահոգված է Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի թարգմանության հարցով, ընդ  որում, առաջին հատորը պետք է թարգմաներ ինքը, երկրորդը` Ստ. Զորյանը, երրորդը` Դերենիկ Դեմիրճյանը, չորրորդը` Արշավիր Խոնդկարյանը: Ասում է, որ 100 երես թարգմանել է:

Օգոստոսի կեսերին Տերյանը Պետրոգրադ է մեկնում, որտեղից գրում է Ստ. Զորյանին, հետաքրքրվում է «Պատերազմ  և  խաղաղություն» վեպի երկրորդ հատորի թարգմանությամբ  և ավելացնում. «Ես այստեղից հեռանալու մտադրություն չունեմ դեռևս և  կհեռանամ միայն այն դեպքում, եթե բոլորը հեռանալու լինեն (եթե գերմանացիք վերցնելու լինեն մայրաքաղաքը) կամ թե սով լինի: Առայժմ ոչ մեկը, ոչ մյուսը չկա» (ընդգծումը բնագրում է):

Ստ. Շահումյանի առաջարկով Տերյանը ձեռնամուխ է լինում «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիների հողի մասին» աշխատությունը գրելուն:

Նոյեմբերին Պետրոգրադից գրում է ընկերներից մեկին. «Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով: Դա հետաքրքիր կլինի: Հրաժարվել չի կարելի, վասնզի ինտիլիգենտ ուժերի կարիք կա, և կուսակցական էթիկան չի թույլատրում այս ժամին, երբ զզվելի սաբոտաժ են անում բոլոր խավար ուժերը, չգնալ և չծառայել բանվորական և գյուղացիական կառավարությանը: Դրա համար из принципа ուզում եմ վերցնել առաջարկված պաշտոններից մեկն ու մեկը» (ընդգծումը բնագրում է):

Նոյեմբերի 29-ին Լենինի ստորագրությամբ Տերյանին տրվում է հետևյալ գրությունը. «Առաջարկվում է Մարինյան պալատի կոմիսար ընկեր Տերյանին ցույց տալ ամեն տեսակի աջակցություն` Կոմիսարիատի կովկասյան գործերի թղթերն ընդունելու գործում»:

Նոյեմբեր-դեկտեմբերին Տերյանը ժողովրդական կոմիսարների խորհրդին է ներկայացնում «Զեկուցագիր Թուրքահայաստանի մասին» և «Հայաստանի մասին դեկրետի» նախագիծը: Այս առիթով հանդիպումներ և զրույցներ է ունենում Լենինի հետ: «Լենինը շատ պայծառ է և  զարմանալի… և պարզ»- գրում է Պ. Մակինցյանին:

Դեկտեմբերի վերջին ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից ստեղծվում է Հայկական գործերի կոմիսարիատ: Կոմիսարիատի նախագահ է նշանակվում Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ` Վահան Տերյանը: Դեկտեմբերի 29-ին ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ է ընդունում Թուրքահայաստանի մասին: Տերյանը գրում է «Կատվի դրախտ» շարքը, լրացնում է «Ոսկե շղթա» և «Երկիր Նաիրի» շարքերը:

1918

Հունվարի 11-ին Լենինի ստորագրությամբ Տերյանին տրվում է վկայական. «Սույնով, կնիքի դրոշմամբ, հաստատվում է, որ սա ներկայացնող Հայկական գործերի կոմիսարիատի կոլեգիայի անդամ Տերյանը Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից լիազորված է որպես խորհրդական` մտնելու այն պատվիրակության կազմում, որը Բրեստ- Լիտովսկում բանակցություններ է վարում մի կողմից` Ռուսաստանի հանրապետության, և մյուս կողմից` Եռյակ Դաշինքի տերությունների միջև հաշտություն կնքելու հարցում»:

Հունվարի 12-24-ին Բրեստ-Լիտովսկում Տերյանը, որպես սովետական պատվիրակության խորհրդական, մասնակցում է հաշտության բանակցություններին:
Հունվարի 25-ին վերադառնում է Պետրոգրադ` «Հայկական հարցի մասին» անհրաժեշտ նյութեր Բրեստ տանելու:

Հունվարի 26-ին Պետրոգրադից նամակ է գրում կնոջը` Սուսաննային, որին երեխայի հետ ուղարկել էր Ստավրոպոլ. «Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, որ չնայած այն բանին, որ սարսափելի զբաղված եմ, ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում էին քեզ և իմ Լյասկային (աղջկան): …Պինդ կաց, սիրելի’ս, շատ եմ խնդրում քեզ, մի վհատվիր ու թևաթափ մի լինի, տա’ Աստված, ամեն բան դեպի լավը կգնա: Ինչպիսի անսահման երջանկություն կլինի, եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում ` իհարկե կգամ)  և ձեզ տեսնեմ ուրախ ու առողջ: Որեմն պահպանիր քեզ ու Լյասկային` մանկիկի’ս , և  խելոք եղիր»:

Բաքվի կոմիտեի օրգան «Բանվորի խոսքի» հունվարի 27-ի, փետերվարի 16-ի և  24-ի համարներում տպագրվել է Տերյանի «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» աշխատությունը:

Մայրաքաղաքը Պետրոգրադից 1918-ի մարտին տեղափոխվում է Մոսկվա:
Մարտ-ապրիլին Մոսկվայից գրում է Ստավրոպոլ. «Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե որքան շատ ծանրագույն տառապանքներ են պատճառում ինձ քո հեռավորությունն ու վիճակիդ անորոշությունը: Լյասկայիս մասին ես նույնիսկ վախենում եմ հարցնել:… Հիմա գալու ոչ մի հնարավորություն չկա բարոյական նկատումներով և ընկերականության ու կարգապահության նկատումներով:…Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ այդ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ և տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Մի բան կասեմ միայն. հավատա, որ այս երկու ամսվա ընթացքում ապրել եմ այնքան վիշտ ու թախիծ, որքան չեմ ապրել ամբողջ կյանքիս ընթացքում»:

Ապրիլ-հունիսին Մոսկվայում Տերյանը զբաղված է պետական կարևորագույն փաստաթղթերով. հրատարակչական գործի կազմակերպման, Լազարյան ճեմարանի բարենորոգման, հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու հարցերով:
Հունիսի 22-ին Վ. Ավանեսովի եւ Վ. Տերյանի խմբագրությամբ լույս է տեսնում Հայկական Գործերի կոմիսարիատի օգնական «Կոմունիստ» շաբաթաթերթը: Թերթում տպագրվում են Սովետական կառավարության դեկրետները, որոշումները, Լենինի Ճառերը, զեկուցոմները և հոդվածները, նաև  Տերյանի «Նամակներ հայ գյուղացիներին և բանվորներին» կոչը:

Հուլիսի 29-ին հայ գաղթականներին օգնելու համար հատուկ բժշկասանիտարական մի խումբ Վ. Տերյանի գլխավորությամբ մեկնում է Հյուսիսային Կովկաս և Մերձվոլգա: Տերյանը հույս ուներ այնտեղից անցնել Ստավրոպոլ` Սուսաննային տեսնելու:

Օգոստոսի երկրորդ կեսին հասնում են Աստրախան: Տերյանը հյուրընկալվում է ճեմարանական դասընկեր Նիկողայոս Վարագյանի տանը:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը Տերյանը Պյատիգորսկում զբաղվում է հայ գաղթականներին օգնություն ցույց տալու հարցով: Նա բաժանում է իր հետ բերած դրամը և  հագուստները. բժիշկների միջոցով կազմակերպում է հիվանդների բուժօգնության գործը, լիկվիդացնում է դաշնակցության կողմից ղեկավարվող «Արմենկոմը», կազմում է նոր բաժանմունք, որը համալրում է Սովետական իշխանությանը նվիրված մարդկանցով, կազմում է բաժանմունքի աշխատանքի պլան:
Սեպտեմբերի 6-ին Տերյանը Էսենտուկիում հանդիպում է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին: Այս անգամ Տերյանն Աստրախանում մնում է մոտ մի ամբողջ ամիս: Համարյա միշտ հիվանդ պառկած էր: Այդպես էլ չի հաջողվում հանդիպել կնոջը, քանի որ Ստավրոպոլում սպիտակներն էին:

Հոկտեմբերի կեսին. «Վահանը հիվանդ, հազալով թողնում է Աստրախանը», — գրում է Նիկողայոս Վարագյանի մայրը` Մանուշակը:

Նոյեմբերի 25-ին Մոսկվայում Տերյանը գրում է զեկույց-հաշվետվություն Հայկական գործերի կոմիսարիատի գործունեության վերաբերյալ: Տերյանի թարգմանությամբ Մոսկվայում լույս է տեսնում Լենինի «Կառլ Մարքս. համառոտ կենսագրություն և  մարքսիզմի շարադրություն» աշխատությունը:

1919

Տարվա սկզբներին Մոսկվայում առանձին գրքով հրատարակվում է Տերյանի «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» աշխատությունը: Մարտի 4-ին Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի ստորագրությամբ դեկրետ է ընդունում Մոսկվայում գտնվող Հայկական ինստիտուտի մասին: Լազարյան ճեմարանը հայկական ինստիտուտի վերակազմավորելու նախագծի աշխատանքները գլխավորում է Տերյանը: 1919 թվականին հիվանդ բանաստեղծին այցելում է դաշնակցական կառավարության ներկայացուցիչ բժիշկ Զավրիևը, առաջարկում է մեկնել Շվեյցարիա բուժման` խոստանալով ամեն տեսակի աջակցություն: Տերյանը կտրականապես մերժում է այդ առաջարկը: Հունիսին Մոսկվայի Սոկոլնիկի արվարձանի Չետվերիկովի առողջարանում է, որտեղ և գրում է ներքոհիշյալ սրտառուչ տողերը, որ նվիրված են Անահիտ Շահինջանյանին.

Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Ու դժնի, դժնի, առավել դժնի.
Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,
Օ~, կըգան օրեր ավելի տրտում:
Կըլռե տրտունջ անամոք սրտում,
Եվ փոշու նըման ձանձրույթը կիջնի…
Օ~, կըգան օրեր ավելի տրտում
Եվ դժնի, դժնի, առավել դժնի…

Դերբենդցի 17 տարեկան Անահիտ Շահինջանյանը 1917-ին սովորելիս է լինում Մոսկվայի կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում: Հեղափոխության պատճառով կուրսերը փակվում են, Անահիտը սկսում է աշխատել Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում: Տերյանի հետ մտերմանում է: 1919-ից նրանք արդեն միասին էին: Անահիտն է Տերյանի միակ դստեր` Նվարդի մայրը: Նվարդը ծնվել է Տերյանի մահից 3 ու կես ամիս անց Մոսկվայում, 1920 թվականի ապրիլի 28-ին, մահացել է 1978-ի հոկտեմբերի 12-ին` Երևանից վիրահատության նպատակով Մոսկվա մեկնելուց շուրջ մեկ ամիս անց:

Տերյանն Անահիտի հետ ապրում էր «Մետրոպոլ» հյուրանոցում, որտեղ և ավարտում է Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» աշխատության թարգմանությունը: Չնայած առողջական վատ վիճակին` որոշ մարդկանց զրպարտությունների պատճառով ստիպված էր թողնել մայրաքաղաքը: Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կարևոր և շտապ հանձնարարությունով պատրաստվում է մեկնել Տաշքենդ, Անդիջան: Նա հույս ուներ Թուրքեստանում (Ուզբեկստան) տեսնել մեծ եղբորը` Ղազարին, և նրա ընտանիքի խնամքը վայելելով` տաք կլիմայի մեջ վերականգնել առողջությունը:

Հոկտեմբերի 3-ին Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատից Մ.Ի.Կալինինի ստորագրությամբ ստանում է վկայական. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը հաստատում է, որ սույնը ներկայացնող` Համառուսական ԿԳԿ-ի անդամ ընկ. Վահան Սուքիասի Տերյանը Արտգործժողկոմատի կարևոր և շտապ հանձնարարություններով ուղևորվում է Տաշքենդ` Սամարայի և Օրենբուրգի վրայով:

Բոլոր ռազմական, քաղաքացիական և երկաթուղային իշխանություններին առաջարկվում է ընկ. Տերյանին ցույց տալ ամենալայն օժանդակություն` նրա ուղևորության ճանապարհին»:

Տերյանին ուղեկցելու պատրաստակամություն է հայտնում Անահիտ Շահինջանյանը, որը շուտով մայրանալու էր: Հոկտեմբերի 13-ին դուրս են գալիս Մոսկվայից:
Հոկտեմբերի 20-ին Սամարայում Տերյանը դիմում է ռազմական հաղորդագրությունների պետին. «Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից հույժ շտապ և կարևոր հանձնարարությամբ գործուղված լինելով Տաշքենդ, հետագայում Արևելք (Թուրքիա և Պարսկաստան) մեկնելու համար, հիվանդության բերումով հարկադրված եղա կանգ առնել Սամարայում: Ներկա պահին ցանկանալով շարունակել իմ ճանապարհը` խնդրում եմ Ձեզ տրամադրել ինձ մեկ խուց (երկու հոգու համար) հենց առաջին իսկ կարգային վագոնում, որը Ձեր կողմից ենթադրվում է Տաշքենդ ճանապարհելու: Ինձ վրա դրված պատասխանատու խնդրի ծայրահեղ շտապ լինելն ու արտակարգ կարևորությունը իրավունք են տալիս ինձ հուսալու, որ սույն դիմումը անհապաղ քննության կառնվի Ձեր կողմից և կբավարարվի ամեն հերթից դուրս» (ընդգծումը բնագրում է):

Հոկտեմբերի 31-ին Սամարայում Անահիտը գրում է. «Եղավ Ֆրունզեի մոտ: Գնաց նահանգային գործկոմի նիստի, վերադարձավ ուշ գիշերին և արդեն ջերմություն ուներ: Եղանակը խոնավ էր, սառնամանիքները դեռ չէին սկսվել: Հաջորդ օրվանից նա հիվանդ պառկեց»: Նոյեմբերի 8-ին գրում է. «Բժիշկը եկավ, դիտեց կոկորդը և ասաց, որ վտանգը այնքան էլ մեծ չէ, և երեք օրից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Տաշքենդ: Իմ այն առաջարկություններին, թե վերադառնանք Մոսկվա, Վահանն ասում էր, որ փողերը ծախսված են, ոչինչ արված չէ, կիսաճանապարհից վերադառնալն անհնարին է»:

1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ»…

Նոյեմբերի 22-ին Սամարայից ռազմասանիտարական գնացքով մեկնում են Օրենբուրգ: Դեկտեմբերի 13-ին գնացքը կանգ է առնում Օրենբուրգից 9 կմ հեռավորության վրա, մնում են մինչև 18-ը: «Դեկտեմբերի 19-ին ես գնացի Օրենբուրգ,- շարունակում է Ա. Շահինջանյանը,- որպեսզի սկսեմ դես ու դեն ընկնել` մի ուրիշ գնացք նստելու համար: Ամեն ինչ կարգավորվեց. մյուս օրը պետք է մեկնեինք, բայց ջերմությունը բարձրացավ մինչեւ 40.8: Ես դուրս էի եկել: Վերադարձա, նա արդեն ինձ նամակ էր գրում` կարծելով, որ կմեռնի մինչև իմ վերադարձը: Ես արդեն տեսա, որ շարունակել ճանապարհն անկարելի է, առաջարկեցի գնալ Օրենբուրգ` իմ ծանոթ Օհանյանների մոտ: Նա այդ օրն առանց ինձ այնքան էր տանջվել, որ ասաց. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»:… Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, և երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք: Դեկտեմբերի 20-ի օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված:  Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ և այլեւս վեր չկացավ: Դեկտեմբերի 30-ից պարբերաբար, օրընդմեջ, նրան սկսեց այցելել մի ուրիշ բժիշկ: Ջերմությունը ցածր էր` 35.6 աստիճան: Աղիքների պրոցեսի հետևանքով նա ոչինչ ուտել չէր կարողանում: Անգամ անկողնում չէր կարողանում շարժվել:

1920

Հունվարի 4-ից մարմինը սկսեց սառչել: Հունվարի 6-ին առբաժնի միջոցով կոնսուլիում հրավիրվեց` երեք բժշկից բաղկացած: Ասացին, որ ոչինչ անել չի կարելի, ամեն րոպե պետք է սպասել վախճանին: Ամբողջ գիշեր` հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ: Մի քանի անգամ խնդրեց շորերը հագցնել, նստեցնել բազկաթոռին, սակայն այնպես թույլ էր, այնքան ուժասպառ ու հյուծված, որ միանվագ հինգ րոպե անգամ չէր կարողանում նստել: Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին:

Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել և ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար` նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:

Առավոտյան գնացի բուժակի հետևից: Սրսկման միջոցին Վահանը խոսում էր և հարցրեց. «Հնարավո՞ր է, արդյոք, անվերջ ծակոցներ անել և կյանքը երկարացնել ևս մի շաբաթ»: Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ եւ « Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»,-ասաց ու փակեց աչքերը»:

Եվ այսպես, հունվարյան ցրտաշունչ մի օր սակավաթիվ մարդկանց ուղեկցությամբ, տխուր լռությամբ օրենբուրգյան սառը հողին են հանձնում Տերյանին…

Եվ միայն մարտ ամսի սկզբներին «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է»:

1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն և հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ(բ)Կ եւ ՀԿԳԿ»:

Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք — բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ ևս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի և ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…

1964

Օրենբուրգի Գորկու անվան  24 միջնակարգ դպրոցում այժմ էլ գործում են «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» և «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչև փետերվարի 9-ը (մահվան օրից մինչև ծննդյան օրը) տերյանական միջոցառումների միամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում:

Քաղաքի ղեկավարությունը Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին, 1964-ին Երևանից հրավիրում է Օրենբուրգ: Նախկին գերեզմանոցի սահմանից հանդիսավոր արարողությամբ հող են վերցնում, որը Նվարդը բերում է Երևան: Տեղադրում են Պանթեոնում Կոմիտասի և մյուս մեծերի կողքին, վրան սև գրանիտե քար են դնում, ավելանում է ևս մի թանկագին շիրիմ: Տերյանի այս խորհրդանշական շիրիմը դարձել է ուխտատեղի, ուր յուրաքանչյուր տարվա փետերվարի 9-ին` ժամը 1-ին, այցելում, ծաղիկներ են դնում և կարդում սիրելի պոետի հոգեզմայլ տողերը…
Նվարդն իր մահկանացուն կնքում է Մոսկվայում 1978 –ի հոկտեմբերի 12-ին: Աճյունասափորն ամփոփված է Գանձա գյուղի եկեղեցու գավթում, վրան քանդակագործ Արա Շիրազի հեղինակած խաչքար է կանգնած, որի ետևում Նվարդի ցանկությամբ փորագրված է.

Ծաղիկներըս դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:
Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով….

Գանձայում 1957-ից գործում է Վահան Տերյանի տուն-թանգարան, իսկ 1967-ից յուրաքանչյուր տարվա հուլիսի նախավերջին կիրակի օրը գյուղին հարող ընդարձակ տափարակում տեղի է ունենում պոեզիայի տերյանական օր, որին մասնակցում են Հայաստանից,Վրաստանից և այլ վայրերից ժամանած հատուկ պատվիրակություններ ու բազում երկրպագուներ:

«Ուշացած սեր»

Բուքն է լալիս. հողմ ու ձյուն, 
Մառախուղ է և մշուշ. — 
Ո՞վ է անվերջ հեծեծում, 
Ո՞վ է կանչում այսպես ուշ։

Ո՞վ է շրջում անդադար, 
Ու՞մ է կանչում հիմա նա, 
Ես հեռու եմ, ես օտար, 
Ասացե՛ք՝ թող հեռանա…

Ասացե՛ք՝ թող հեռանա. 
Թող մոռանա ինձ հավետ,— 
Անդարձություն է հիմա,— 
Չկա դարձի արահետ։

Մեկը կորած շիրմիս մոտ 
Հեկեկում է և երգում. — 
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ 
Երգն է ճերմակ մրրկում…

Իմ շիրիմը հեռավոր, 
Ե՛վ մոռացված, և՛ մենակ, 
Ո՞վ է հուզում մենավոր 
Իր թախիծով շարունակ։

Օտար երկրի դաշտերում, 
Ցուրտ գիշերում ձմեռվա 
Ո՞վ է անքուն դեգերում, 
Անվերջ սգում իմ վրա….

«Էստոնական երգ»

 Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

«Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր»

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերվա պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

ԳՐՈՂՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Թերևս, այդ երանելիներից է հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը։ Նրա մասին գրվել են թե՛ փոքրիկ բանաստեղծություններ, թե՛ պոեմներ ու ծավալուն երկեր։
20-րդ դարի հայ գրականության մեջ Կոմիտասին նվիրված առաջին խոշոր ստեղծագործություններից է Եղիշե Չարենցի «Reqiem aeternam»-ը (Կոմիտասի հիշատակին)։ 1936 թվականին, երբ մեծ երաժշտի աճյունը տեղափոխվեց Երևան և իր վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, վառ տպավորությունների ազդեցության ներքո Չարենցը ստեղծեց այդ հուզիչ կտավը։ Վերջինիս կուլմինացիոն տողերը նվիրված են մեծն Կոմիտասի հետմահու «վերադարձին»։

Արդյո՞ք կարող էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած…
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան —
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն, —
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն…Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար —
Դարձած մոխիր կենսաբեր,
Դարձած ավյուն, դարձած քար։ —
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն —
Եվ հայրենի՜ դարձած հող…

Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հիասքանչ ստեղծագործություն է գրել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
1956 թվականին ծնվում է բանաստեղծության այն հատվածը, որն հետագայում դառնում է հանրահայտ «Անլռելի զանգակատան» բնաբանը։ 1959-ին՝ Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծության ստեղծումից 10 տարի անց, Պ.Սևակն ավարտում է վերը նշված իր գլուխգործոցը, որն այսօր էլ համարվում է Կոմիտասին նվիրված ամենավառ գործերից մեկը։ «Անլռելի զանգակատունը» բաժանվում է ղողանջների. առաջինը կոչվում է «Ղողանջ Ավետիսի».

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, —
Դժվար է ասել…
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։

Մի հատված էլ «Ղողանջ Օծման»-ից.

Եվ որտեղ երգն էր՝
Այնտեղ էլ նա էր…
… Ուրա՞խ է կյանքը,
Տխու՞ր, դաժա՞ն է,
Միշտ ժողովրդից երգն անբաժան է…Ու չար թե բարի այդ ճանապարհին
Ե՛վս տասներկու բոլորակ տարի
Ճեմարանի մեջ եկավ ու անցավ,
Ու Սողոմոնը… Կոմիտաս դարձավ՝
Ի խոր հարգանքս
Այն հոգեզվարթ կաթողիկոսի,
Որ տասներկու դար դրանից առաջ
Ապագա հունձի հունդերը ցրած՝
Ծիրը բաց արեց
Հայոց մեղեդու անթաղ ակոսի։

Նա բանաստեղծ էր
Ու երգաստեղծ էր
Նա ուներ վառ ձայն
Ու նվագման ձիրք…
Եվ սակայն ոչ ոք
Հայոց հինավուրց կաթողիկոսի անունը երբեք
Ո՛չ ստացել էր որպես թանկ ընծա,
Ո՛չ էլ գողացել։
Եվ հիմա — հանկա՜րծ — հայոց նորընծա
Երկրո՛րդ Կոմիտաս,
Որ Հայրապետի
Անվանը պիտի
Ամենայն ինչում
Տա նո՛ր մի հնչում,
Սուրբ հիշատակը մշտավառ պահի։

Գերմանիայում սովորելու տարիները ներկայացված են «Ղողանջ Պանդխտական»-ում։

Հայ դասատուներն իրենք են զգում,
Որ ջահել սանի առաջմղումից
Հոգնում կես ճամփին ու ետ են մնում։
Եվ Կոմիտասը Բեռլին է գնում։
Ու գերմանական քաղաքում խոժոռ
Ինչ-որ վանական՝
Աչքերը խոշոր,
Դեմքը՝ բանական,
Քայլքն՝ անբնական,
Պաղ անցորդների հայացքն է անվերջ վրան սևեռում,
Մինչ մոլեռանդի նայվածքը նրա՝
Որքան ներհայաց — նույնքան բևեռուն,
Չի մեխվում սրա կամ նրա վրա,
Այլ պեղում կարծես անծանոթ հեռուն…
Ժամեր շարունակ մենակ ու մենիկ,
Եվ համբերությամբ մի անհատնելի
Խեղդելով հոգու ներհակությունը՝
Պաղ ստեղներին հաղորդում էր նա
Իր ամենազգա ու ջերմ մատների
Սրսփումն այրող ու տաքությունը։
Նրա վեղարի թողած ստվերը
Ժամեր շարունակ անվերջ ընկնելով
Ֆիզհարմոնիայի սևափայլ ներկին՝
Մթագնում էր այն կրկին ու կրկին։
Գոթական ոճի գրադարանում
Նա, աղեղի պես, անշարժ կորանում
Եվ ամե՜ն ինչ էր շուրջը մոռանում…

«Ղողանջ Նախճիրի»-ն եւ «Ղողանջ Եղեռնական»-ը դրամատուրգիական տեսանկյունից պոեմի ամենախորը և հզոր մասերն են։ Այստեղ բացահայտվում է հրեշավոր Եղեռնի համազգային թեման։ Այս մասերում կենտրոնացած են Կոմիտասի երգերից ու բանաստեղծություններից վերցված մեջբերումները.

— Ո՛վ արդարություն,
Թող որ ես թքեմ ճակատին քո բաց, —
Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,
Գոչել ո՛չ հիմա,
Այնժամ էր գոչել,
Երբ խուժանն այս նույն
Արյունով հարբած գազանի նման
Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից,
Որերո՜րդ անգամ մոխիր էր թողնում
Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից։
Եվ հիմա՛,
Հիմա՜,
Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,
Այլ մա՜հ՝
Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,
Մահ ծերի՛,
Մանկա՛ն,
Խեղճի՛,
Հսկայի՛,Երբ մահվան մրրիկ,
Երբ մահվան բուք էր, —
Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,
Որ արդարության ճակատը փակեր։
Ա՜խ, չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը։
Էլ ինչպե՞ս թքել,
Եվ այդ ո՞վ թքեր,
Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում,
Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում
Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին,
Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,
Սև արաբների շեկ անապատին՝
Օ՜րը ցերեկով,
Ոչ թե աննկատ։
Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ։
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՜կ,
Քամա՛կ մի խելոք,
Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝
Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից…
… Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ… մահացա՚վ.
— Գարուն ա, ձուն ա արել…
Գարուն էր։ Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայը զրկվեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
— Գարուն ա, ձուն ա արել…
… Ա՜խ, ինչպե՞ս, ո՛նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի,
— Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա…
Գառնարած-հովիվ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ երգեր.
— Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
Ու կանչեր,
— Դլե յամա՜ն…

«Ղողանջ Եղեռնական»-ին հաջորդում է «Ղողանջ Աքսորի»-ն.

Իզո՜ւր աստծուն պաղատեցին…
Ալա՛ն-թալա՛ն,
Կեռ յաթաղան…
Ում որ պետք էր՝ փողոտեցին,
Գազանաբար ճղոտեցին,
Խողխողեցին սրածելով.
Քարափներից ջուրն ածելով՝
Դիակներով խեղդվողների
Ծանրացրին հոսք ու հոսանք.
Չհարցնելով մանուկ ու ծեր…Իզո՜ւր աստծուն աղաչեցին…
Թե բյուրերով հայ խաչեցին,
Հազարավոր այր ու կանանց
Անդող ձեռքով տեղահանած՝
Քշեցին… ուր՞,
Դեպի Դեր-Զոր։
Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝
Անցան նրանք ավազներով արաբական անապատի,
Մի շիրմուղի, ուր ամեն քայլ դիակներով ուղենշվեց,
Եվ նորացավ նո՛ր Գողգոթան՝
Ահագնացած տասնապատի՜կ…
Մեր փրկության աղաղակներն անցան իզուր,
Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,
Որ լոկ դարձավ, վերջ ի վերջո, թառանչ մի սուր.
— Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք…
Եվ… ծաղկաբույր գիշերվա մեջ
Հեռուներից մոտենալով
Գաղտագողի-ծածուկ-անտես՝
Խորշակը նույն,
Որ շատ շուտով պիտի տաներ միլիոն հայեր,
Խորշակը նույն անցավ նաև
Պոլսո բոլո՜ր հայ թաղերով՝
Իր հրեղեն ոտների տակ
Խաշխշելով ու թաղելով
Վերջին հույսի շունչը մեր տաք…
Ահե՜ղ գիշեր,
Որ բորբ ներկվեց ո՛չ արևով,
Այլ մեր արյա՜մբ,
Ու կողոպտեց խորանները հայ կաճառի,
Խորանները հայ դպրության սուրբ տաճարի,
Բոլոր ճյուղերը կտրատեց
Հայ հանճարի
Ծաղկուն ծառի,
Ու մատյանից հայ մեղեդու
Ամենավա՛ռ էջը հատեց…

«Ղողանջ Մթագնումի»-ի եւ «Ղողանջ Ցնորման»-ի մեջ նկարագրվում է աքսորից վերադարձած Կոմիտասի հոգեվիճակը, նրա դաժան հիվանդությունը…

Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝
Մոռացա՜ն նրա ճարտար մատերը…
Ինքը Բանկալթու իր տան մեջ, այստե՛ղ,
Եվ Չանկրի բանտի պատերը
Արդեն նրանից շատ-շատ են հեռու,
Բայց ուղեղի մեջ… բայց ուղեղի մեջ,
Կարծես թե կպած նրա թաղանթից՝
Մթան մի քուլա եռու՛մ էր-եռո՜ւմ,
Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն,
Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի, —
Պտույտ էր տալիս ծանր ու բոլորշի,
Պտույտ էր տալիս
Ու պոկ չէր գալիս…Եվ պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական,
Նախ ցնորվեցին աչքե՛րը նրա
Եվ ապա մի՛տքը, մի՜տքը տիրական…
Վայրի աղմուկի,
Խոլ աղաղակի,
Ժխորի տեղակ
Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ, —
Գլուխը նրա,
Որ մի երկնային լուսատու էր ցարդ,
Հիմա փոխարկվեց մի մոլորակի.
Նույնն էր արտաքուստ,
Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս էր նույնը,
Եթե լուսատուն… էլ լո՜ւյս չէր տալիս…… Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ,
Քեզ կորցնելու ցավից ահավոր
Աչքերս լիքը լաց ա… մրմնջաց,
Առանց խոսքերի և անեղանակ
Էրվում եմ, էրվում այրվելով երգեց,
Սակայն… անօգո՜ւտ։

Պոեմի լավատեսական ֆինալում Կոմիտասի կերպարը ներկայացվում է այնպես, ինչպես նրան պատկերացնում էր բանաստեղծը։ Ստորև բերվող հատվածը «Ղողանջ Թաղման եւ Հարության»-ից է.

… Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Նույն այդ պահին հայ երկնքից
Հանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգադիպո՞ւմ,
Թե՞ իսկապես երկինքն անգամ
Ողբում էր քեզ՝
Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգստարա՜ր իր անձրևով….. Այդ վայրկյանին ո՞վ չլսեց,
Որ բովանդակ աշխարհով մեկ
Փռված բոլոր եկեղեցիք հայահավատ
Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով
Դեպի երկինք ղողանջեցին.
— Դռներդ բա՜ց…
Եվ հայկական տաճարների բյուր բեմերից
Կոմիտասյան Պատարագ-ով
Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս։
— Երբեմն էի լոյս, և այժմ
Խավար եմ եւ ստվեր մահու…
Ո՛չ, այս անգամ սխալվեցի՜ր, պատարագի՛չ,
Նա լույս էր վառ ու լույս է արդ,
Ու կմնա միշտ լույս զվարթ,
Լույս՝ աչքերում հայ մանուկի,
Լույս՝ մտքի մեջ հայ պարմանու,
Հայ հարսների պտղած ծոցում,
Հայ թոռնօրոր նանիների
Ինքնամոռաց ժպիտի մեջ, —
Հայ այրերի ու հայ կանանց
Ջերմ սրտերում սիրատրոփ։.. Օրհնեա՜լ ես դու,
Եվ չես թաղվում ու հող դառնում,
Այլ թաղվելիս հարությո՜ւն ես կրկին առնում…
— Օրհնեա՛լ ես դու,
Գա՜ռն աստուծոյ…
… Դո՜ւ — Վարդապե՞տ։
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի։
Հայոց երգի
Անծիր հերկի
Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե՛վ մատնընտիր սերմը նրա,
Ե՛վ խոստումը գալիք բերքի…
Եվ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկվել է եւ բար տվել,
Ու… մեր դարդը իրար տվել…
…. Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛զը-նոտա՛ն-ձայնատա՛ռը,
Ձայնասփյո՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը, —
Մեր հայկական երգարա՜նը…… Եվ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի։
Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգեւոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն…

«Անլռելի զանգակատան» ստեղծումից հետո գրվեցին բազմաթիվ բանաստեղծություններ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Կոմիտասի ժամանակակիցների ստեղծած գործերը։ Նրանց հետ կոմպոզիտորը գտնվել է անմիջական շփման մեջ։ Օրինակ, Ազատ Վշտունու «Կոմիտասին», արևմտահայ պոետ Վահան Թեքեյանի «Կոմիտաս վարդապետ» բանաստեղծությունները։ Ստորև բերվում է հատված Ազատ Վշտունու «Կոմիտասին»-ից.

Քանի որ կա հայրենի հող,
Քանի որ կա արվեստ վսեմ,
Դու կմնաս սրտեր գերող,
Կապրես դու միշտ, քեզ կլսեն…

Կոմիտասի կերպարով ներշնչվել է նաև Գուրգեն Մահարին («Կոմիտաս», «Երգ»).

Նրա համար ես
Աղոթում եմ,
Մինչև լույսերը
Աղոտում են։
Եվ աստղերը, որոնք
Մշտարթուն են,
Իմ աղոթքի վրա
Մեղմ թարթում են։
Օգնիր նրան, — ասում եմ, —
Նա ցրտումն է,
Նա արև է երազում,
Նա տրտում է…
Հեռու լուսե իմ երկրից
Մութ վանդակում,
Մեռնու՛մ է նա աներգ
Ու բանդագուշ…

Կարճ էպիկական պատմվածքի ձևով են գրված Սարմենի երկու բանաստեղծությունները։ Դրանցից առաջինը ստեղծվել է 1932 թվականին և նվիրված է կոմիտասյան գործունեության լուսավոր էջերին.

Լսում եմ ահա մի հոգեզմայլ,
Մի չնաշխարհիկ, մեղմիկ եղանակ,
Գուցե երգում է հեզահամբույր մայր,
Կամ սիրատոչոր, սրտահույզ սոխակ։
Սարի հովե՞րն են այդպես մրմնջում,
Թե՞ սվսվում է արտն ալեծածան,
Մեծ քարավանի զանգե՞րն են հնչում,
Թե՞ մորմոքում է աշունը դեղձան։
… Մաճկա՞լն է լարել անուշ հորովել,
Հովվի շվի՞ն է մրմունջով երգում,
Աղջի՞կն է գուցե յարից խռովել,
Այդպես սրտակեզ լալիս, հեկեկում։
Այդ Կոմիտասն է, որ հնչում է հար
Ե՛վ կախարդական, և՛ վառ, և՛ նրբին…
Դու կապրես, երկրիս մեծ սրնգահար,
Քանի երկնքում կշողա արփին։

Երկրորդ բանաստեղծությունը՝ «Կոմիտասի շիրմի առաջը», ինքնատիպ «տապանագիր» է՝ համակված թախծով եւ հավատով։

Ու, քանի կա հողը հայոց, պիտի հնչի երգը քո
Որպես գարնան հրեղեն կանչ, մեր ե՛րգ-երգո՜ց Կոմիտաս։

Կոմիտասին նվիրված քնարերգության վառ օրինակ է 1940-1950-ական թվականներին գրված Գևորգ Էմինի բանաստեղծությունների ցիկլը («Երգեր, գրված Լոռու Լեռներում», «Կոմիտասին», «Կոմիտասն աքսորի ճամփին»)։ Ահա ամենահայտնի տողերը, որոնք թեւավոր խոսքի նշանակություն են ձեռք բերել.

Մինչ Էջմիածնի դուռն էր ծեծում
Ժողովուրդը՝ երգը շուրթին,
Լոկ դո՛ւ գտար միակ աստծուն՝
Ուխտ գնալով… ժողովրդի՛ն։

Հատուկ ուշադրության է արժանի Շերամի «Կոմիտասի հիշատակին» երգ-բանաստեղծությունը՝ գրված 1935 թվականի հոկտեմբերի 26-ին։ Դա առաջին գրավոր «արձագանքն» է մեծ կոմպոզիտորի մահվան կապակցությամբ։ Այս ստեղծագործության մեջ ակներև է կորստի աննկարագրելի ցավը.

Թեպետ մարմինդ կորավ,
Բայց թողիր մեզ խոշոր գանձ,
Թե քնարդ կոտորավ,
Լարդ մնաց վեհապանծ…

Շերամս ցավ զգացի
Սրտիս խորքում դառնագին,
Երբ դառ գույժդ լսեցի,
Այրվեց իմ սիրտն ու հոգին։

Ավելի ուշ շրջանին են վերաբերում Համո Սահյանի «Կոմիտաս», Սիլվա Կապուտիկյանի «Էրվում եմ, էրվում» և «Մտորումներ ճանապարհի կեսին», Հովհաննես Շիրազի «Կոմիտաս», Վահագն Դավթյանի «Բալլադ Կոմիտասի մասին», Մառի Աթմաճյանի «Կոմիտաս վարդապետ», Աշոտ Գրաշու «Կոմիտասի սրինգը», Մարտիրոս Վեսպերի «Սոնետ հիացման», Արման Կոթիկյանի «Կոմիտաս», Աղավնու «Երեք երգ Կոմիտասին», Միքայել Հարությունյանի «Կոմիտասյան երգեր», Արտաշես Պողոսյանի «Կոմիտասյան Երգ», Վահագն Կարենցի «Կոմիտաս», Աթանես Սենալի «Կոմիտասին», Գարիկ Բանդուրյանի «Կոմիտաս» եւ «Ողջակիզվող հոգին», Արմինե Ավդալի «Կոմիտասին», Լյուդվիգ Դուրյանի «Կոմիտասին», Վահան Դաքեսյանի «Թարմ հացն ես դու մեր հոգու», Ժիրայր Ավետիսյանի «Կոմիտաս», Վաչագան Հովհաննիսյանի «Կոմիտաս», Ալեք Խաչունցի «Կոմիտաս» եւ այլոց ստեղծագործությունները։ Ստորև բերված են հատվածներ մի քանի բանաստեղծություններից.

Քո երգերի մեջ գութանի վար է,
Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,
Սիրավոր լոր է ու Սոնա յար է,
Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ։
Մոր լցված աչքը որդու գալուն է,
Շեմքի քարին է զրկված հարկի, —
Ամպոտ երկինք է, ձյունոտ գարուն է,
Կուց-կուց արուն է որոր հավքի…
(Համո Սահյան)Երգեցեք երգե՜րն հայր Կոմիտասի,
Երգեր հայրենի, սիրո ու հացի,
Երգեցեք այնպես, որ աշխարհն արար
Խոնարհի՜ գլուխն իր որդիաբար.
Նրա հանճարի դեմն արարչափայլ…
(Մարտիրոս Վեսպեր)Կոմիտաս, ինչպես սիրածից, քո երգից ես չեմ կշտանում,
Թվում է իմ Արագածի հեռավոր հովերն են գալիս, —
Թվում է դեռ պանդուխտ եմ ես ու երգդ ինձ տուն է տանում,
Ու դեմից Սեւանն է կանչում, կարոտած իմ յարն է լալիս…Դու մեր հին վշտերի մորմոք, մեր սիրո ծիրանի դու ծով,
Կոմիտաս, թե մթին հեռվում հալվի էլ Մասիսն իմ անհետ,
Դու նորից Մասիս կմնաս մեր երգի նուրբ շշնջոցով,
Աշխարհի ծովերը մտած դու հայոց մայր մրմունջի գետ։
(Հովհաննես Շիրազ)Ո՞վ է նստել ունկնդրում ընկուզենու ծառի տակ,
Աչքերում վիշտ ու երազ.
— Ձա՛յն տուր, Հանճար տառապյալ, եղերական նահատակ,
Ձայն տուր, անմահ Կոմիտաս…
(Արման Կոթիկյան)
«Երկինքն ամպել է, գետինը թաց է»…
Անձրև՞ն է երգում, թե՞ քնարը քո,
Քնարիդ երգով իջավ երեկոն,
Ու երգիդ առաջ իմ սիրտը բաց է։
Դու ի՞նչ կանեիր էլ ուրիշ քնար,
Երբ սրտիդ առած սիրտն իմ աշխարհի
Խոսում ես այնքան, այնքան քնքշաբար,
Որ քնքշանում է և սիրտը քարի։
(Աղավնի)
… Ով լսել է քեզ՝ սիրել է սրտանց,
Հռչակվել ես հար արար աշխարհում,
Երգդ կյանքի պես՝ հավերժ ու անանց,
Հավերժ սիրելի, հավերժ հմայուն։
… Երգդ, Կոմիտաս, անհուն է և խոր,
Մարդ չի կշտանում քո հնչյուններից,
Երգդ բխել է մեր աշխատավոր
Հոգու խորքերից, սրտի խորքերից…
(Արմինե Ավդալ)
Կենաց երգն իր պահած անեղծ ու բորբոքուն՝
Քո անտունին գալիս է տուն,
Տուն են գալիս կռունկներդ երամ-երամ,
Դեպ հողն հայոց արևահամ…
Ավա՜ղ, որքան երգ ու վերքեր տարար քեզ հետ՝
Անվերադարձ, անխոս, անհետ,
Որքա՜ն սրտեր ու երազներ առար, տարար՝
Անքուն, անտուն, անմխիթար…
Բայց և եղար անձեռակերտ կնիքն անեղ՝
Հայոց հոգու երգը անմեղ
Ու զորավիգ եղար հային ամենազոր,
Ո՜վ մեծասքանչ երախտավոր…
(Վաչագան Հովհաննիսյան)


Կոմիտասին նվիրված խոշոր ստեղծագործություն է Լևոն Միրիջանյանի «Երգի Հովիվը» պոեմը։ Եղիշե Չարենցի եւ Պարույր Սևակի մոնումենտալ բանաստեղծական կտավներից հետո, այն, հիրավի, համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենավառ ստեղծագործություններից մեկը՝ նվիրված մեծ կոմպոզիտորին։ Նախաբանը սկսվում է հեղինակի հետևյալ խոսքերով.

«Այն մարդու հիշատակին, ով սիրում էր իրեն կոչել՝
Հայր Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան՝ Կուտինայից,
Ով դարձավ երգի առաքյալն ու հովիվը.
Նրա ծննդյան առաջին 100-ամյակին»։

Սևակի նման, հաջորդաբար թերթելով վարդապետի կյանքի պատմության էջերը, Միրիջանյանը պոեմը բաժանում է մասերի՝ տալով նրանց սիմվոլիկ անվանումներ։ Թեպետ ստեղծագործության յուրաքանչյուր հատված պատկերում է երաժշտի կյանքի և գործունեության որոշակի ասպեկտ, այնուամենայնիվ, դրանք բոլորն էլ սկսվում են նույն բառերով՝ «հոտը շարժվում էր դեպի սարերը…»։ Կարմիր թելի պես այս խոսքերն անցնում են ողջ ստեղծագործության միջով՝ ընդգծելով պոեմի հիմնական միտքը՝ դարեր շարունակ հայ ժողովրդի հնազանդ երթերը դեպի սարերը՝ մերթ արևի լույսով ողողված, մերթ՝ արնաշաղախ։
Արժեքավոր են նաեւ կոմպոզիտորին նվիրված օտարազգի հեղինակների ստեղծագործությունները։ Նրանք իրենց գործերում Կոմիտասի անունն անմիջականորեն կապում են Հայաստանի հետ, իսկ Հայաստանինը՝ Կոմիտասի։ Դրանցից են Վերա Զվյագինցեւայի «Իմ Հայաստանը», Գեորգի Լեոնիձեի «Հայաստանին»-ը, Արսենի Տարկովսկու «Կոմիտասը», Կայսին Կուլիեւի «Երեք երգ Կոմիտասին»-ը, Վիկտոր Կոչեւսկու «Էջմիածինը» և այլն.

Զանգվից եմ լսում հրճվանքդ անվերջ,
Որ լցնում է վառ խինդով սար ու ձոր,
Քո սրտի երգն է կաթում հոգուս մեջ
Իսահակյանի երգով մեղրածոր…
Երգը հուզակեզ մեր Կոմիտասի,
Սարյանի վառած երանգը շողուն
Դարձել են, ասես, թև իմ երազին,
Լեռներիդ սիրով սիրտս են ողողում…
(Գեորգի Լեոնիձե)Ապրողներ, դուք իմ երգը լսելիս,
Խնդրում եմ՝ հիշեք և չմոռանաք.
Ինձ սպանեցին թշնամանքը բիրտ
Ու վայրագությունն ամենավայրագ։
Եթե ապրում են թշնամանքը դեռ
Եվ վայրագությունն իր չոր վայունով,
Հիշեք, նրանք են իմ տունը քանդել,
Ողողել երգս իմ իսկ արյունով…
Ես չեմ մոռացել…Ես մեկն եմ միայն անթիվ զոհերից։
Հիշեցեք անցած փորձանքները դուք,
Բոլոր զոհերին հիշեցեք նորից,
Որ կանխեք ամեն արհավիրք ու բուք։
Ապրողներ, լսեք, աստված հայերին
Չար բախտ էր տվել ու նենգ հարևան,
Դրա համար դարձա սև մահվան գերին
Ես՝ Կոմիտասս հայոց երգահան։
Էլ սարսափ չունեմ, պառկած եմ հողում,
Էլ չունեմ տանջանք, տխրություն ու վիշտ
Լոկ ապրողների համար եմ դողում
Ես՝ Կոմիտասս հայոց երաժիշտ։
(Կայսին Կուլիեւ)
 Ես հավատում եմ, շա՜տ եմ հավատում
Մեծ Կոմիտասի երգին սրբազան,
Որին քշեցին դեպ կառափնատուն,
Բայց անզոր եղան եւ խաչ եւ գազան։
Նրա մեջ ահա, թախծոտ այդ երգի,
Էջմիածինը իր վիշտն էր ողբում,
Եվ ցավն էր ողբում դարավոր վերքի,
Որ ցասումի էր փոխվում օրնիբուն։
Այս երգը կապրի հավետ անթառամ,
Կհասնի ամեն մարդու ականջին,
Ծիծեռնակները երամ առ երամ
Տուն կգան նորից նրա ջերմ կանչին։
(Վիկտոր Կոչեւսկի)

Անհրաժեշտ է առանձնացնել Մամեդ Ռահիմի «Արարատը»։ Անգնահատելի է այն փաստը, թե ինչպիսի ցավով է վերաբերվում մուսուլմանական ազգի ներկայացուցիչը հայկական կոտորածին, Արարատին, Կոմիտասին… Նա դիմում է Արարատին՝ խնդրելով պատմել հայ մայրերի վշտի, Մեծ Եղեռնի զոհերի մասին։ «Քանի՜-քանի՜ նոր Կոմիտասներ թաղվեցին Թուրքիայում՝ շուրթերին՝ չավարտված երգերով», — բացակաչում է բանաստեղծը։

Պատմիր ինձ, ո՛վ Արարատ, թե Թուրքիայում քանի՞ նոր
Կոմիտասներ են թաղել — շուրթերին երգ անավարտ,
Քանի՞ մայրեր՝ Զոհրապի մահն են սգում ամեն օր,
Քանի՞ Սուբհի են խեղդել… Պատմիր ինձ, ո՛վ Արարատ։

Կոմիտասի մասին գրվել են նաեւ պատմվածքներ, վեպեր, որոնցից, հատկապես, պետք է առանձնացնել Լ.Թարգյուլի «Կոմիտաս»-ը, Ս.Փանոսյանի «Վարք Կոմիտաս Կուտինացիի» վիպակը, Մ.Գալշոյանի «Ծիրանի ծառ»-ը, Տ.Վարժապետյանի «Գարուն Ա»-ն…

Կոմիտաս բանաստեղծություններ

Աստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի․

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելու։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

Ոսկի-մեղաց

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեղաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝

Հրո հովեն ցիրուցան,

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Դիտակ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.
Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,
Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Հով-սեր

Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով:

Ծաղին ու շաղի

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Կարմիր բոց

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,

Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.
Ճայթեցավ ու ծառացավ,
Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծ՛ովացավ,
Կարմիր երկրի բոցը հովացավ.
Ծովացավ ու ծավալեց,
Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,
Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝
Ծովանալով ու դողով ծավալելով,
Ծավալելով ու չորս կողմ թավալելով՝
Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ․․

Պատրանք

Սալահատակն ու ուղին

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։

Սար ու քար

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:
Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․

Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

Սեր ու ջուր

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն

Սարի հովով,

«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.

Հոգուս խորեն,

Սիրու ձորով,

Զիս կսիրե՞ս, մրմնջեց.
Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։

Սեր-հովիկ

Շնչե՛, հովիկ,

Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Վարդիկիս

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

Երաժշտություն

Երաժշտություն (հունարեն՝ μουσική [նկատի է առնվում τέχνη կամ ἐπιστήμη], ենթակա հունարեն՝ μούσα — մուզա բառից), արվեստի տեսակ, որի գեղարվեստական նյութը համակարգված ձայնն է:
Երաժշտությունն առաջացել է Պալեոլիթում:Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի  հիման վրա: Երաժշտության հիմնական տարրերն ու արտահայտչամիջոցներն են

  • լադը (ձայնակարգը, հնչյունների բարձրությունների և նրանց որակապես տարբերակված հարաբերությունների վերացարկված համակարգը),
  • ռիթմը (հնչյունների տևողությունների կազմակերպված հաջորդականությունը),
  • չափը (ռիթմի կազմակերպման համակարգը),
  • տեմպը (ստեղծագործության կատարման արագության աստիճանը),
  • ներդաշնակությունը,
  • բազմաձայնությունը,
  • գործիքավորումը և այլն:

Երաժշտության պատմականորեն առաջացած արտահայտչամիջոցների ողջ համադրումը երաժշտական լեզուն է:Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին: Կիրառելով հնչյունների տրամաբանական կազմակերպման հնարավորությունը`   աստիճանաբար ձևավորել են պարզագույն լադերն ու ձայնաչափը: Սկզբնավորվել է երաժշտական ֆոլկլորը, որը հետագայում դարձել է պրոֆեսիոնալ արվեստի հիմքը: Երաժշտական երկի գոյությունը պայմանավորված է տարբեր աստիճանների ստեղծագործական 3 փուլով՝ հորինում, կատարում և ընկալում: Հին աշխարհում՝ ԵգիպտոսումՀնդկաստանումՀունաստանումՉինաստանում և այլուր, գործել են մասնագետ երաժիշտներ, տաճարներում ու պալատներում հնչել է երգը, նվագել են տավիղ, քնար: Միջնադարում երաժշտական մշակույթը միավորել է ժողովրդական, կիսապրոֆեսիոնալ և պրոֆեսիոնալ երաժշտությունը: Ծաղկել է վիպասանների, գուսանների, թափառաշրջիկ երգիչների, աշուղների ու ակինների արվեստը: Ընդունված է երաժշտությունը բաժանել հոգևորի (եկեղեցական) և աշխարհիկի:XVII դարում և XVIII դարի 1-ին կեսին վերջնականապես գերիշխել է աշխարհիկ երաժշտությունը: Կազմակերպվել են մշտական օպերային թատրոններ, երաժշտական ընկերություններ, ժամանակակից ձևերն են ստացել լարային աղեղնավոր գործիքները, ստեղծվել է առաջին դաշնամուրը, կարևորվել է երաժշտական կրթությունը: Բազմաձայն երաժշտարվեստի բարձրագույն նմուշներ են ստեղծել Յոհան Սեբաստիան Բախը (պասսիոններ, կանտատներ և այլն) և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը (օրատորիաներ և այլն): Դրանց զուգահեռ ստեղծվել են օպերան (Ալեսանդրո Սկառլատտի, Ժան Ֆիլիպ Ռամո և ուրիշներ), գործիքային կոնցերտը (Անտոնիո Վիվալդի, Արկանջելո Կորելլի և ուրիշներ), կամերային անսամբլը, երաժշտություն երգեհոնի և կլավեսինի համար: XVII–XIX դարերում սկզբնավորվել են հերոսական երգերը, խմբերգերը, քայլերգերը և այլն: Ձևավորվել է սիմֆոնիզմը, որը նշանավորվել է Բեթհովենի, Հայդնի, Մոցարտի բարձրարվեստ ստեղծագործություններով: Դասական նկարագիր է ձեռք բերել սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային կոմպոզիտորական դպրոցներ են հիմնադրվել Ռուսաստանում (Միխայիլ Գլինկա, Պյոտր Չայկովսկի, Մոդեստ Մուսորգսկի), Լեհաստանում (Ֆրիդերիկ Շոպեն և ուրիշներ), Հունգարիայում (Ֆերենց Լիստ), Չեխիայում (Անտոնին Դվորժակ, Բեդրժիխ Սմետանա և ուրիշներ), Նորվեգիայում (Էդվարդ Գրիգ), Ֆինլանդիայում (Յան Սիբելիուս) և այլուր: Հայաստանում երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում, իսկ երաժշտական բանահյուսության ծիսաձևերի մասին տեղեկություններ կան մ. թ. ա. XIV դարի խեթական սեպագրերում: Գեղջկական երաժշտական բանահյուսությունն ընդգրկում է երգի բազմաթիվ տարատեսակներ. առանձնանում են պանդուխտի երգերը, անտունիները, հայրենները: Պրոֆեսիոնալ երգեցիկ արվեստի ձևավորումը սերտորեն կապված է հոգևոր երաժշտության ժանրերին: Վաղ միջնադարից տարածվել են շարականները, սաղմոսները, X դարից՝ գանձերը, հոգեվոր և աշխարհիկ տաղերը:VII–XIV դարերում մեղեդիները գրառվել են խազերով: 1813–15 թթ-ին Համբարձում Լիմոնճյանն ստեղծել է հայկական նոր ձայնագրությունը: XVII դարից զարգացել է աշուղական արվեստը (Սայաթ-Նովա և ուրիշներ), իսկ գործիքայինը՝ առավելապես XIX դարում: XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին հայ կոմպոզիտորների երկերով նշանավորվել է ազգային կոմպոզիտորական դպրոցի ծնունդը (Տիգրան Չուխաճյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Կոմիտաս, Ալեքսանդր Սպենդիարյան, Նիկողայոս Տիգրանյան, Արմեն Տիգրանյան, Ռոմանոս Մելիքյան և ուրիշներ): Ազգային կոմպոզիտորական դպրոցի առաջընթացին նպաստել են նաև սփյուռքահայ կոմպոզիտորներ Ալան Հովհաննեսը, Համբարձում Պերպերյանը, Նիկոլ Գալանդերյանը, Բարսեղ Կանաչյանը և ուրիշներ: Տարբեր տարիների նշանավոր օպերային երկեր են ստեղծել Տ. Չուխաճյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը, Ալեքսանդր Հարությունյանը,  Ավետ Տերտերյանը, բալետներ՝ Արամ Խաչատրյանը, Գրիգոր Եղիազարյանը, Սերգեյ Բալասանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ:  Սիմֆոնիկ և կոնցերտային ժանրերի զարգացումը հիմնականում պայմանավորված է Ա. Խաչատրյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո Ստեփանյանի, Գ. Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի,  Ա. Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Ա. Տերտերյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործություններով: Կամերային երաժշտության բնագավառում մեծ ավանդ ունեն Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Ադամ Խուդոյանը, Գագիկ Հովունցը, Տ. Մանսուրյանը, Երվանդ Երկանյանը, Մարտուն Իսրայելյանը, Աշոտ Զոհրաբյանը, Էդուարդ Հայրապետյանը, Լևոն Չաուշյանը և ուրիշներ:Հայկական ժողովրդական երաժշտությունը հիմնարար դեր ունի ազգային մասնագիտացված (կոմպոզիտորական) երաժշտարվեստի ստեղծման և զարգացման մեջ:Զարգացման որոշակի աստիճանի է հասել նաև ջազային ու էստրադային երաժշտությունը (Արտեմի Այվազյան, Կոստանդին Օրբելյան, Ա. Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան և ուրիշներ):Երաժշտագիտական ուսումնասիրություններ են գրել Կոմիտասը, Քրիստափոր Քուշնարյանը, Ալեքսանդր Շահվերդյանը, Ռոբերտ Աթայանը, Նիկողոս Թահմիզյանը, Գևորգ Գյոդակյանը և ուրիշներ:

Հետաքրքիր փաստեր

♦ Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ երաժշտությունը կարող է մարդուն ավելի խելացի դարձնել: Դասական երաժշտությունը կարող է բարձրացնել IQ-ն (ավելի խելացի մարդիկ հիմնականում դասական երաժշտություն են նախընտրում):

♦ Երաժշտությունը կարող է բառացիորեն ազդել այն բանի վրա, թե ինչպիսին ես տեսնում աշխարհը, իսկ երգի բառերը կարող են ազդել քո վարքի վրա: Օրինակ` լիբերալներն ավելի բազմաժանր երաժշտություն են նախընտրում, քան պահպանողականները:

♦ Սրտի աշխատանքը փոխվում ու նմանակում է երաժշտության տեմպին:

♦ Ծաղիկներն ավելի արագ են աճում երաժշտության ներքո:

♦ Երաժշտությունը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը:

♦ Որոշ վայրերում Պարկինսոնի հիվանդության ու սրտի կաթվածի համար բժիշկները երաժշտություն են նշանակում հիվանդներին:

♦ Երաժշտական գործիք նվագելը 5 բալով կարող է բարձրացնել IQ-ն

Վանքեր

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում է գտնվում Սանահինի միջնադարյան վանական համալիրը: Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ: 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս:

Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը (մինչև XIIդ. կեսը), ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը (մինչև XIդ. կեսը)։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան:XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։ Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին`   մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին`   Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Ս.Աստվածածին եկեղեցուց հարավ Ամենափրկիչ եկեղեցին է վանքի գլխավոր տաճարը, որը 957-966թթ.-ին կառուցել է Աշոտ Գ Ողորմածի կինը`   Խոսրովանույշը։ Հայ միջնադարյան քանդակագործության արժեքավոր օրինակ է հանդիսանում արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմառդեմ կանգնած Գուրգեն (Կյուրիկե) և նրա եղբայր`   Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը։ Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների եզակի նմուշ է վանքի ակադեմիան`   Մագիստրոսի ճեմարանը։ Կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Հորինվածքային տարբեր լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները։ Առավել պարզ է գրատան գավիթը, որը կառուցվել է XIIդ. վերջին — XIIIդ. սկզբին, գրատան հարավային պատին կից։ Ամենափրկիչ եկեղեցու գավիթը (ներքին գավիթ) կառուցվել է 1181թ.-ին (ճարտարապետ Ժամհայր)։ Այն չորս կենտրոնական, սյուներով գավիթների տիպի առավել վաղ օրինակներից է։ Հայկական գավիթների եզակի օրինակ է Ս.Աստվածածին եկեղեցու գավիթը (Մեծ գավիթ, Դրսի գավիթ), որը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1211թ.-ին: Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար`   վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում։ Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու (Ս.Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, 1184թ., գործ`   Մխիթար Կազմիչի) և Սարգսի (Ս.Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատի տակ, 1215թ.) խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են։ Սանահինի արևելյան կողմում կանգուն են. Ս.Կարապետ եկեղեցին (Xդ. վերջ — XIդ. սկիզբ), արևմուտքում`   բարձրադիր տեղում`   Սարգսի մատուռը (XIIդ. վերջ — XIIIդ. սկիզբ)։

ՏԱԹԵՒԻ ՎԱՆՔ

Տաթևի վանքը, որը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, անվանում են << Հայկական ճարտարապետության մարգարիտ>>: Ճարտարապետական այս սրբազան հուշարձանը կառուցվել է միջնադարում Որոտան գետի աջ ափին նույնանուն Տաթև գյուղից ոչ հեռու:

Այսօր վանքը Երևանից հեռու է 315 կմ, իսկ Գորիս քաղաքից՝ 30 կմ:Կառուցվելով IX-XIII դդ., այն նվիրված է եղել Ս.Եվստաթեոսին: Այս սուրբը Թադևոս առաքյաի աշակերտն է եղել և նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Սկզբում վանական համալիրն իրենից ներկայացնում էր ընդամենը մեկ եկեղեցի, որը կառուցվել էր IХ դարում: Այդ ժամանակ այնտեղ ընդամենը մի քանի վանական էր ապրում: XIII դարում Տաթևը դարձավ Սյունիքի եպիսկոպոսների նստավայրը: XIII դարի վերջից XV դարի կեսերը այստեղ նաև գործել է Տաթևի համալսարանը, որը միջնադարյան գիտության և փիլիսոփայության զարգացման կենտրոններից էր: Տարբեր ժամանակներում այն գլխավորել են Հ. Որոտնեցին և Գ. Տաթևացին, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի այլ նշանավոր գործիչներ:

Վանական համալիրի գլխավոր կառույցը Սբ. Պողոս-Պետրոսի եկեղեցին է, որը կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից 895-906 թթ. հին եկեղեցու տեղում: Պողոս և Պետրոս առաքյալների մասունքները հանել էին վերջինիս պատերի միջից և տեղադրել նոր եկեղեցու պատերի մեջ:

Վանքի գլխավոր տեսարժան վայրը Գավազան ճոճվող սյունաշարն է: 8 մ բարձրությամբ քարե սյունը զարդարված է խաչքարով և կարող է ինքնուրույն թեքվել և վերադառնալ նախնական դրության:
Տեղի ճարտարապետական եզակի հուշարձաններից է 1087 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին:

Սրբազան կառույցները շրջապատում են ծառայողական և բնակելի շինությունները, զանգակատունը, կամարակապ սեղանատունը և խոհանոցը, պահեստային տարածքները, որոնք կառուցվել են XVII-XVIII դարերում:

Խոնարհ աղջիկ վերլուծություն

իմ կարծիքով մի կողմից սա ուղղակի պատմվածք էր մյուս կողմից ՝ կար ինչ որ մի գաղափար.. գուցեև նույնիսկ մի քանիսը.. հարցը միայն տղայի և աղջկա միասին լինելը չէր.. էստեղ, նախ և առաջ ցույց է տալիս գյուղական կյանքը, գեղեցկությունները անտառի բնության, որոնք ես շատ եմ սիրում Բակունցի նկարագրությունները,…
2րդ. սիրո մի ուրիշ դրսևորումները, բացահայտում է սերը..
իրար հետ երբեք չէին շփվել բայց իրար հասկանում էին հեռվից կարոտում, ու նույնիսկ հայացքով խոսում
3. աղջկա հմար տեղի ունեցածը զարմանալի ու հեքիաթային էր, թեև մեր տեսանկյունից գուցեև Ոչինչ առանձնապես չէր էլ կատարվել.. բայց աղջկա համար այդ ամենը նոր ապրումներ էին…
ու իհարկե տխուր ավարտը.. ինչ էր արել այդ խեղճ աղջիկը

Հրաշալի ձայնասկավառակ վերլուծություն

Պատմությունը դասական խնդրով և բարդություններ նկարագրելով է սկսվում։Նկարագրվում է այն իրավիճակը, որի հետ բախվում են շատ շատերը։Սկզբի հատվածը շատ հուզիչ էր,հատկապես այն հատվածը երբ խոսվում է այն մասին , թե ինչպես էր Վիլյամ Սարոյանը քրտաջան աշխատում։Իմ կարծիքով այս պատմվածքը մեզ ուսուցանում է գնահատել հոգևոր արժեքները։Սովորեցնում է,որ նյութականը չի կարող երբեք փոխարինել հոգևորին,որը նաև հասկացել էր Վիլյամ Սարոյանի մայրը։

Գրական ակումբ

Այս տարին շատ լեցուն էր հետաքրքիր նախագծերով։Նախագծերի շրջանակներում ուսումնասիրեցինք բարբառներ, արևմտահայ և սփյուռքահայ գրողներ։ Ուսումնասիրել ենք Գրիգոր Զոհրապի նովելները։ <Կապիկը> , <Զաբուղոն>։ Երկուսն էլ շատ հետաքրքիր և իրենց հերթին ուսուցողական նովելներ էին։ Նովելը պրոզայիկ ժանր է,համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն,որն ունի դեպքերի ընթացք ՝ սյուժե և կերպարներ։ Ամբողջ ձմեռը նվիրեցինք Մշո բարբառի ուսումնասիրմանը։ Կատարել ենք բազմաթիվ փոխադրումներ Մշո բարբառից գրական հայերեն։ Կարդացել և վերլուծել ենք պատմվածքներ և հեքիաթներ։ Ինչպես նաև կազմել ենք մեր բառարանը։ Բացահայտեցինք, որ Մշո բարբառը պատկանում է բարբառային«կը» ճյուղին։ Սկզբում շատ դժվար էր ամեն բան, ինչը զարմանալի չէ,քանի որ առաջին անգամ էինք առընչություն ունենում այս բարբառի հետ։ Ապրիլ ամսվա ընթացքում ընթերցեցինք սփյուռքահայ գրողներ` Համաստեղի, Հակոբ Մնձուրու և Վահե Հայկի պատվածքներից։ Շատ հետաքրքիր 3 պատմվածքներ ուսումնասիրեցինք։Երեքն էլ՝ գրված արեւմտահայերենով, և երեքն էլ ՝ինչ որ կախարդական ու խորհրդավոր իմաստ պարունակող։Ամենից շատ հավանել եմ «Կաթիդ փարան չմոռանաս, մամա՛» պատմվածքը, քանի որ այն շատ բնորոշ է մեր օրերին։ Այս պատմվածքը նկարագրում է աշխարհում տիրող իրավիճակը, մարդկանց անտարբերությունը և վերջապես ծնողի և որդու անընդունելի հարաբերությունները։ Իսկ ինչ վերաբերում է այս ամսին, մի ամբողջ ամիս նվիրաբերել ենք արևմտահայ գրողների ուսումնասիրմանը, քանի որ այն գրեթե մոռացության է մատնվել։ Ես ընտրել էի Ռուբեն Սևակի կյանքն ու գործունեությունը։ Ռուբէն Սեւակ (Ռուբէն Չիլինկիրեան, 1885, Թուրքիա), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։ Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում` ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։ Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905 թվականին, «Մասիս» հանդեսում։ 1910 թվականին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։

Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

Գրել է բազմաթիվ նամակներ նվիրված կնոջը։

Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

saroyan6

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:

Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
-Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
-Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
-Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
-Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
-Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
— Ոչ, ես առա:
— Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
-Տասը դոլար:
-Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
-Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
-Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
-Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
-Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
-Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել:
-Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
-Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
-Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
-Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
-Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
-Դիր,- ասաց:
Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Ռուբեն Սևակ

Նախագիծ՝ Արևմտահայ գրողներ

Մասնակիցներ՝ Լուսինե Պետոյան, Էլեն Ասատրյան

Նպատակը՝ ներկայացնել արևմտահայ գրողների կյանքը, գործունեությունը

Կենսագրություն

Ruben Sevak.jpg

Կրթություն

Ռուբէն Սեւակ (Ռուբէն Չիլինկիրեան, 1885, Թուրքիա), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։1901-1905 թվականներին սովորել է Կ. Պոլսի Պեր­պե­րյան վար­ժա­րա­նում։ Դպրոցական տարիներից զբաղվել է գրական գործունեությամբ։ Գիտության նկատմամբ սեր և հակումներ ունենալու շնորհիվ Պերպերյան վարժարանի տնօրեն, վաստակավոր ուսուցչապետ Ռեթեոս Պերպերյանի խորհրդով ու բարոյական օժանդակությամբ մեկնել է Շվեյցարիա՝ բժշկական կրթություն ստանալու։ սովորել է Եվրոպայի բժշկական խոշորագույն կենտրոններից մեկում՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Լավ տիրապետել է ֆրանսերենին։Ուսանողության շրջանից սկսած հետաքրքրվել է Հայրենիքի ազատության պայքարի գաղափարով։ Եղել է ՀՅԴ<Հայ հեղափոխ․ դաշնակ․> անդամ։

1914 թ. կնոջ և որդու՝ Լևոնի հետ (1912-2005) վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ Այնտեղ ծնվել է դուստրը՝ Շամիրամը (ծն. 1914)։

1915 թ. դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում՝ հայ բժիշկների կազմակերպած հիվանդապահության դասընթացում։ Երազել է Կ. Պոլսում բժշկական գիտահանրամատչելի պարբերական հիմնել։

Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների, հանրամատչելի զրույցների, քնարական խորհրդածությունների, բանաստեղծությունների և այլ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է։

Ռուբեն Սևակի ինքնալուսանկարը (նախքան 1915թ․-ը)

Ռուբեն Սևակը և Հայոց Ցեղասպանությունը

Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում` ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։

Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։

Ստեղծագործական աշխատանք

Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905 թվականին, «Մասիս» հանդեսում։ 1910 թվականին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։

Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։

Սևակն առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Սևակը ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք, որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։

Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914 թվականներին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժիշկին գիրքէն փրցուած էջե‪ր‬» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։

Մեջբերում 1908թ. օգոստոսի 8-ին Ռուբեն Սևակի հրապարակային ելույթից.

Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ’ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական յարմարութիւնը՝ դերասանութիւնը։

Ռուբեն Սևակի կիսանդրի

Մահը

Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915 թ. ապրիլի 11 (24)-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել և բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։

Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըում բուժել է թուրք ավազակապետ (չեթեջի) Արաբաջի Իսմայի աղջկան։ Իսմայիլը նրան հորդորել էր իր աղջկա հետ ամուսնանալ ու իսլամություն ընդունելով փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց։ Չանղըրըի չերքեզ փոխկառավարիչը, որ նրա բարեկամն էր, անզոր պատասխանել է, «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել»։ Ռուբենին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել-Չիլինկիրյանը։ Բոլորն էլ՝ ապարդյուն։

Բանաստեղծություններ

Եկո՜ւր

Եկո՜ւր, եկո՜ւր, ճամփաներեն անուրջիս,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,
Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,
Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես
Եկո՜ւր, եկո՜ւր ճամփաներեն անուրջիս․․․

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,
Ես, մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ․․․
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ’դեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։
Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի․․․

Քու տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ.
Ու դուն մարմինն ես անմարմին երգերուս,
Խենթեցընող հավերժահարսը բողբոջ,
Ցող մահացնող սրտի հազար վերքերուս.
Սուրբ տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ․․․

Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս,
Քեզ երգելեն արյունեցան, խենթեցան
Յոթը վերքերն իմ բարունակ սրինգիս,
Սրտիդ ճամփուն վրա մերկ ոտներս այրեցան,
Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս․․․

Բա՛ց ինձ կարմի՜ր շրթներդ կարմիր վերքի պես.
Բա՛ց ինձ թևերդ, հավերժական բա՜նտ անուշ,
Բա՛ց ինձ հոգուդ հրաշքներուն մուտքն անտես
Ու տո՜ւր ինձ հոն անէանալ, լուռ, անհուշ,
Բա՛ց ինձ կարմիր շրթներըդ լայն վերքի պես․․․

Ահա թոշնած շուշաններով քեզ կուգամ,
Ահա ոտքիդ տակ փառքիս խեղճ Սարդենին.
Ահա սրտիս խոպան դաշտն, ուր մի՛ անգամ
Չըծաղկելով սիրո նիհար վարդենին,
Ահա իմ սև շուշաններովս քեզ կուգամ․․․

Եկո՜ւր, եկո՜ւր, եկուր սիրե՜նք կաթոգին,
Ով չի սիրեր պիտի մեռնի առհավետ.
Սերը պե՛տքն է, երազն է կյանքը կյանքին.
Սերը մահվան մեջ անուրջն է արփավետ.
Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին։

Սերո՜վ, սերո՜վ…

Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր.
Սիրտըս ջահիլ, վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր…

Դուն քաղցրությամբ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ լափեցիր,
Սիրտըս ջահիլ, վարդի՜ պես բաց,
Մեկ համբույրով խաբեցիր…

Երգո՜վ, վերքե՜վ օրրեցիր զիս,
Սրտիս տատա՜սկ ցանեցիր,
Ջահիլ սըրտիս վարդերը բաց
Հովին տվիր ցանուցիր…

Երանությա՜մբ լացուցիր զիս,
Սրտիս դրախտներ ցուցուցիր,
Սիրտըս ջահիլ, վարդի պես բաց,
Ջահի՛ մը պես լուսցուցիր…

Ըսե՛, մի՞թե կրնա ըլլալ,
Որ մեռնի սերն անձնաձիր,
Սիրտըս ջահիլ չի՛ կրնար լալ,
Սիրտս կրակեն ցամքեցիր…

Արգիլեցիր մուտքն ինձ հոգուդ,
Սրտիդ փեղկն ինձ գոցեցիր.
Լռելն՝ անգո՜ւթ, լալ՜ն՝ անօգո՜ւտ,
Շվարեր եմ մտացի՜ր…

Ա՜յ, ի՜նչ ընեմ ես այս կյանքով,
Սրտեդ վարդեր փետտեցիր,
Ու կըխլեմ ես իմ ձեռքով
Կոկոններն որ ձգեցիր…

Ա՜լ փակեր եմ հոգիս անլաց
Իմ խավարիս մեջ անծի՜ր,
Բայց ամուրջիս դռներն են բաց.
Մի անգամ եկ ու անցիր…

Սերո՜վ, սերո՜վ խոցեցիր զիս,
Սիրտըս սերո՜վ խոցեցիր.
Սիրտըս ջահիլ, վարդի՜ պես բաց,
Դագաղի՜ պես գոցեցիր…

նամակներ

ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿԻ ՆԱՄԱԿԸ ԿՆՈՋԸ. «ԴՈՒ ՄԻԱԿ ԷԱԿՆ ԵՍ ԸՆԴՈՒՆԱԿ ՀԱՎԵՐԺ

Ռուբեն Սևակը ամուսնացած էր գերմանացի գնդապետ Ֆրանս Ապելի դստեր՝ Յանի Ապելի հետ։ Ուներ երկու երեխա։ Առաջնեկի անունը Լևոն էր։ Երբ ընտանիքի հետ վերադարձավ Կ.Պոլիս իր ժողովրդի կողքին լինելու համար, դարձավ «Մեծ Եղեռնի» զոհ, սակայն նրա կինը ողջ մնաց։ Այժմ նրա առաջնեկը՝ Լևոնը, ապրում է Կանադայում։ Նրանք բոլորն էլ հայրենասեր մարդիկ են եղել։

1915թ. հոկ­տեմ­բե­րին կի­նը երե­խա­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել է Լո­զան` հոր մոտ: 1920թ. ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել են Փա­րիզ:

«1912, ապրիլ, Լոզան

Իմ հրաշակերտ տիկին,


Այսօր կիրակի է, ոչ լավ, ոչ վատ, այսինքն` անտանելի եղանակ: Ջերմաչափը շատ ցածր է ցույց տալիս, քթիս մեջ եմ զգում… (շատ գիտական քիթ ունեմ): Առավոտյան ժամը 7-ից շուտ վեր կացա, շատ ցուրտ էր, ձանձրացա պատմություններ կարդալով, որոնք սակավ են հետաքրքրում ինձ… Ժամը 1-ին շատ անորակ ճաշ ընտրեցի (այն օրից, ինչ այդ ռեստորանում անհամ սալատ են կերցրել ինձ, այլևս ախորժակով չեմ ուտում, ի դեպ, գինու փոխարեն ռոմանելի ջուր եմ խմում):

Դարձյալ վերադարձա տուն, ուր այսպես թե այնպես երկարաձգեցի ձանձրույթս մինչև այս պահը` երեկոյան ժամը 5-ը: Իսկ հիմա վերցնում եմ գրիչս քեզ գրելու համար: Խոստացել էի հետաքրքիր նամակ գրել, բայց… անել այն, ինչ ուզում ես, միշտ չի հաջողվում: Կհարցնես, թե ինչու՞ եմ այդքան ձանձրանում այսօր: Այն պատճառով, որ Թագվորը (մուշտակի վաճառականը) այսօր Leysin-ից գալու է ինձ մոտ: Որքան ատում եմ նման տիպերին, այնքան թափվում են գլխիս: Եվ ասե՞լ, որ երկրիս երեսին ապրող մարդկանց մեծագույն մասը այդպիսի տիպեր են…

Ոհ, ինչ տխուր է ապրել մի կյանք` նման պրոզայիկ մարդկանց մեջ: Եվ որքան քաղցր է ունենալ մի փոքրիկ կին և մենակյաց օջախում մի փոքրիկ աշխարհ կերտել: Տեսնում ես, ավելի ու ավելի երեխա եմ դառնում, ավելի ու ավելի խորությամբ եմ երազում ունենալ մեր փոքրիկ Տաճարը, Յան (դու գիտես, այն, որ արդեն գծել ենք): Իսկ հիմա, երբ վերջապես հասել է ժամը մտածելու առօրյա կյանքի, փողի, տիտղոսների, փառքի, դիրքի, ապագայի մասին, հիմա ինձ ավելի երազող եմ զգում, քան երբևիցե:

Առօրյա կյանքը նողկանք է պատճառում, մարդիկ սոսկում են պատճառում ինձ, միայն մի բան կցանկանայի` Երջանկություն և Արև (գիտես, Ֆեբուսը…): Հիշու՞մ ես, առաջարկում էիր 6 ամիս միասին ապրել և 6 ամիս առանձին (թատրոնի համար): Ասում էի, որ անկարելի է ինձ համար: Եվ որքան իրավունք ունեի: Որքան վատ եմ զգում միայն մեկ ամսվա բաժանման ընթացքում… Եվ ինչպես եմ հաշվում դեռևս մեզ իրարից բաժանող օրերը… Եվ որքան մենակ եմ, մենակ, մենակ, ախ, եթե իմանայիր…

Ինչի՞ է պետք կյանքը: Եթե իրոք սիրում ենք իրար և եթե կարող ենք երջանիկ լինել այդքան քիչ բանով: Աստված իմ, ինչու՞ չլինել… Ի՞նչ իմանանք, դեռ երկա՞ր ենք ապրելու (ես ամենևին վստահ չեմ, այն թոքատապով, որ վաղուց ունեմ): Ինչու՞: Ուրիշներին հաճույք պատճառելու համար: Իսկ ովքե՞ր են այդ ուրիշները: Եկ, իմ Յան, երջանիկ, երջանիկ կդարձնեմ քեզ: Ես գանձ գաղտնիքներ ունեմ կախարդական աշխարհից, անծայրածիր բաներ, հազար ու մի գիշերների երազներ, քեզ կտամ այդ ամենը, իսկ ես միշտ էլ ավելի շատ կունենամ: Սիրում եմ քեզ, իմ գանձ, դու միակ էակն ես իրոք ընդունակ անկեղծորեն և հավերժ սիրելու ինձ… Սիրում եմ քեզ, սիրելիս… Ես քեզ եմ տենչում, աչերդ, տենչում եմ մոլորվել քո հայացքում, տենչում եմ փաղաքշել, քեզ ունենալ, իմ անձը տալ քեզ, հուզվել սիրուց և զգալ, որ ապրում եմ… Սիրելիս…

Ռուբեն

Ռուբեն Սևակը պաշտում էր իր գեղեցկուհի կնոջը.«Ի՜նչ լավ է երկուք ըլլալ և միայն մէկ անձ կազմել…»:    
            Պաշտամունքի հասնող  են Սևակի նամակները, Յանին պոետի համար «հրեշտակային» է,  «ամենահմայիչն ու ամենապաշտելին  պզտիկ կիներուն մէջ»:
            Նրանք ծանոթացան 1907 թ. շվեյցարական ամառանոց Շամբերիում և ամուսնացան  1910 թ.:            
            Մինչ ամուսնությունը, և անգամ  կյանքի վերջին օրերին էլ Ռուբեն Սևակը շատ նամակներ է գրել իր սիրելի, պաշտելի Յանիին. Սևակն իր սերն հավերժ ապրեցնելու իսկապես յուրահատուկ միջոց է գտել :         
            Կարդանք  նրանց սիրո մեծ գրքից ընդամնեը մեկ էջ, ուր « ոչ մէկ հարցական նշան գույութիւն ունի այնտեղ… այնտեղ ամէն ինչ գեղեցիկ է  եւ ճշմարիտ եւ արեւելեան…»

            « Իմ պաշտելի սիրելիս.       
            Դուրսը` մեր հօրենական տան դիմացը, վաղեմի մայր եկեղեցիի մը հռչակաւոր աւերակներն են, հին-հին դարերու եւ մեռած մարդոց ամբողջ խորհուրդովը օծուն:           
            Աւելի հեռուն անծիր, ոսկեգոյն, անհունութիւնը խմող, հմայնքներէ գինով, պայծառութեամբ ծանրերեր դաշտերու համապատկերը կտաչածուի: Քիչ մը աւելի անդին հորիզոնն է, որ կփախչտի երազի մը նման ու յաւերժօրէն կմխայ, ինչպէս վիթխարի բուրուառի մը մէջ: Այստեղ, վարը` շատ վարը` իրենց կատարին վրայ վաղնջական Սիլիւրին կրող ժայռերու ստորոտին, բոլորովին խորքը, անսահման ծովն է, որ կփշրուի եւ անցած ժամանակներու հին յիշատակ մը կմռնչէ: Եւ ամենուրեք` երկինքին մէջ, որ կարծես կմեռնի, երկրին վրայ, որ կարծես կապրի, քաղաքին մէջ, որ կարծես կերազէ` յարատեւող երջանկութեան մտ, զուարթութենէն աւելի քաղցր տրտմութեան մը, մտածումէն աւելի խորունկ անհոգութեան մը շունչը կայ…      
            Եւ այս տեսարանին, այս հմայքին, այս վիթխարի երազին, այս հին ժամանակին, այս տխուր քաղցրութեան ընդմէջէն ես կմտածեմ էակի մը մասին, որ կարենայ իր անձին մէջ մարմնացնել այն ամէնը, այս ամէնը, ինչպէս կենդանի             Արեւելքի բուն հոգին, որուն աչքը կարենայ ցոլացնել մեր մայրամուտները , որուն ձայնը կարենայ արձագանքել մեր մռնչուն ծովին, որուն  հասկաը կարենայ ներկայացնել մեր հեթանոս արձաններում խոհուն գեղեցկութիւնը, որուն շրթունքներն ըլլան  քաղցրօրէն տրտում, եւ որուն շարժուձեւը կարենայ խորհրդնաշել մեր արեւելեան գոյութեան երեկի, այսօրուայ եւ վացուայ բովանդակ կեանքը…Ես կը մտածեմ այդ էակի մասին եւ կհամբուրեմ զայն հեռուէն…    
Աստուած գիտէ… Արեւելքի, անոր ամբողջ խորունկ պարզութեամբ, անոր ամբողջ իմաստութեամբ միամիտ…   
            Կեանքը։ Արեւմուտքին մէջ այս բառին առջեւ կդնեն խոշոր հարցական նշան  մը (՞), իսկ Արեւելքին մեջ՝ կախման երեք կէտեր անմռունչ (…) Ահա տարբերութիւնը:     Մինչ այնտեղ կպոռան, կփնտրեն, կփիլիսոփայեն, կվազեն, մենք՝ արևելքցիներս, կերազենք…Քանզի գիտենք, որ կեանքի միակ ճշմարտութիւնը իր Մահն է վերջնական…Եւ որ ամէն ինչ անօգուտ է, բացի Երազէն, գուցէ…           
            Ահա, այսպէս Եաննիս ես քեզ կսիրեմ իմ երազովս եւ կախման երեք կետէրովս անմռունչ… Իզուր իմ աչքերուս մէջ մթին հարցական նշան մը պիտի փնտրես։ Պիտի այնտեղ գտնես միայն իմ Հաւատքս քեզի հանդէպ եւ իմ Սէրս քեզի հանդէպ եւ իմ Կեանքս քու մէջդ… Եւ կկարծեմ, թէ մեր սիրոյ մեծ գրքին եւ աշխարհի միւս բոլոր սէրերուն միջեւ կա միայն մէկ տարբերությիւն. այն, որ ոչ մէկ հարցական նշան գույութիւն ունի այնտեղ… այնտեղ ամէն ինչ գեղեցիկ է  եւ ճշմարիտ եւ արեւելեան…»

Սիրելի Յաննի, իմ ամենասիրուն Յան, այստեղ գեղեցիկ գարուն է ու գեղեցիկ երկինք, երեկոյան` հազարավոր աստղեր, և ամենուրեք օդի մեջ սեր կա, իսկ եթե դրա մասին երկար չեմ գրում, իմացիր միայն, որ շատ հաճախ ու շատ երկար եմ քո մասին մտածում, մեծ քնքշությամբ, նաև՝ մեծ անհամբերությամբ: Ա՜խ, ես սիրում եմ քեզ, իմ գանձ, կուզենայի քեզ միայն սիրել ու սիրել, կուզենայի քեզ ունենալ և ունենալ…»
Ռուբեն Սևակի նամակը կնոջը (1912)

Օ, իմին աղուոր կինս,
ամենապաշտելին, ամենահմայիչը, ամենասիրազեղը պզտիկ կիներուն մեջ։ Եթէ հիմա գիտնայիր, թէ ինչքան կը սիրեմ քեզ եւ ինչպէս կը տառապիմ քու բացակայութենէդ։ Եւ եթէ գիտնայիր, թէ ինչքան սիրատոչոր ու բարի պիտի ըլլամ քու վերադարձիդ։ Եւ եթէ գիտնայիր նաեւ, թէ որքան կօրհնեմ այս կարճ բաժանումը․․․Մեծ գեղեցկութիւնները մեծ լեռներ են․ երբ մարդ այդ լեռներուն վրայ է, այնքան ալ չի նկատեր անոնց մեծութիւնը․ պէտք է որոշ տարածութիւն մը, կարենալ դատելու համար անոնց վսեմ գեղեցկութեան մասին։ Իսկ ես ճամբորդի մը նման եմ, որ հեռուէն դատելէ ետքը վեհանիստ գագաթն մը բարձրութեան մասին, պիտի ուզեր դարձեալ ըլլալ անոր վրայ եւ այս անգամ արդէն աւելի լիաթոք ու աւելի խորունկ շնչել այդ կատարի զովասուն օդը․․․Դուն զիս կը հասկնաս, այնպէս չէ՞, քաղցրիկս։ Եւ նաեւ կը ներես ինծի, եթէ երբեմն քիչ մը պաղ (քիչ մը ծեր, թերեւս), քիչ մը մտախոհ եմ երեւցած քեզի։ Պատճառն այն է, որ սառնօրէն դատող այս ճակտին տակ բոցեր կան, կրակներ, գաղտնի կայծեր, որոնք պիտի ուզէին վայրկենապէս հրոյ ճարակ դարձնել իմ ամբողջ էութիւնս․․․Եթէ գիտնայիր, թէ ինչքան կը սիրեմ քեզ իմ մէջս․․․
Ռուբեն Սևակի նամակը կնոջը՝ Յաննի Ապելին

kinder-ի պատմությունը

Kinder Surprise-ի պատմությունը․ ինչպես փոքրիկ հրուշակեղենային խանութից վերածվեց համաշխարհային բրենդի։

Kinder Surprise-ի պատմությունը սկիզբ է առել 1941 թվականից։ Այս շոկոլադե ձվիկը, ինչպես նաև բոլորիս սիրելի շոկոլադե մածուկ Nutella-ն ստեղծվել է Ferrero Rocher ընկերության կողմից։Շոկոլադե ձվիկի բիզնես-գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Պետրո Ֆերերոյի որդին՝ 24-ամյա Միքելեն էր։

1930 թվականին Միքելեի հայրը՝ Պետրոն որպես ժառանգություն ստանում է հացի խանութ, սակայն այնքան էլ մեծ չէր ցանկությունն այդ գործով զբաղվելու։Սկզբնական շրջանում այն գործում է որպես հացի խանութ, ապա ժամանակի ընթացում վերածվում է հրուշակեղենի խանութի, որի նշանաբանը հետևյալն էր․ «Աղքատները նույնպես քաղցր կյանքի իրավունք ունեն»։

Միքելեն դեռ մանկուց չէր սիրում կաթ, ինչն այնքան էլ դուր չէր գալիս նրա ծնողներին։ Հենց այդ ժամանակ էլ նրանց որդու գլխում մի միտք է ծագում՝ կաթը մատուցել երեխաների համար շատ հետաքրքիր ձևով՝ շոկոլադների մեջ։ Որոշվում է ստեղծել կաթի բարձր խտությամբ շոկոլադներ։ Այդ ժամանակ ծնվում է բոլորիս շատ հայտնի Kinder շոկոլադը։

Իտալական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Զատիկին թխում են հատուկ թխվածքներ ու թխվածքաբլիթներ, որոնցում դնում են նվերներ կոպեկների կամ խաղալիքների տեսքով։ Միքելեն որոշում է հետևել այդ ավանդույթին ու շոկոլադների մեջ թաքցնել նվերներ երեխաների համար։Շատ երկար ժամանակ չի պահանջվում ցանկալի արդյունքին հասնելու համար։ Որոշում են ներսում թաքցնել դեղին կապսուլա, որը դեղնուց էր հիշեցնում։ Ստեղծվում է մի մեծ խումբ, որը սկսում է զբաղվել խաղալիքների հետաքրքիր գաղափարների ընտրությամբ։

Երեխաներին ավելի շատ գրավելու համար ստեղծվում են խաղալիքների հավաքածուներ, որից հետո Kinder Surprise-ը դառնում է երեխաների ամենասիրելի քաղցրավենիքը։ Բացի այդ, խաղալիքների հավաքածուները սկսում են գրավել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծերին։ Թողարկվում են հատուկ տիպի խաղալիքներ, հայտնի մուլտֆիլմերի հերոսների տեսքով և այլն։Շոկոլադե առաջին ձվիկները հայտնվել են խանութների վաճառասեղաններին 1979 թվականից։ Արտադրանքի առաջին մասը վաճառվում է 1 ժամում, իսկ մեկ տարվա ընթացքում սպառվում է շուրջ 20000 տոննա շոկոլադե ձվիկ։

Շատերն էին ձգտում հասնել այնպիսի հաջողության, որն ուներ Ֆերերոն, սակայն բոլորն էլ գիտակցում էին, որ Kinder Surprise-ի հաջողություն անհասանելի էր։Ferrero Rocher ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը Mars-ից ու Nestle-ից հետո, բայց յուրօրինակությամբ այն անմրցելի է։

Այն բանից հետո, երբ մշակվեցին շոկոլադե ձվերի պատրաստման նոր ստանդարտներ, որոնք հարմարեցված էին FDA-ի չափանիշներին, այդպիսի քաղցրավենիքի վաճառքը թույլատրվեց (2013 թվականի մարտի 20-ից)։ FDA-ի ներկայացուցիչները և ԱՄՆ հանձնաժողովի կողմից հավաստագրված լաբորատորիայի աշխատակիցներն ավելացրել են արտադրողներին ներկայացվող պահանջները՝ յուրաքանչյուր ձվի մեջ անպայման պետք է լինի պլաստիկ պատիճ, որն այն կբաժանի երկու մասի։ Յուրաքանչյուր պատիճ պետք է ունենա հարմարեցված փոքրիկ գոգավորություն՝ այն բացելու համար, ինչի շնորհիվ անգամ փոքրիկ երեխան կհասկանա, որ դրա ներսում ինչ-որ բան կա։ Բացի այդ, պատիճի մեջ դրված խաղալիքի մասերը չպետք է այնքան փոքր լինեն, որ երեխան կարողանա կուլ տալ։

ՀՀ «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հետևանքով:

Թարգմանչական աշխատանք։

հետաքրքիր փաստեր կինդերի մասին

Տաք կլիմա ունեցող երկրների համար Kinder ձվերն անակնկալ ներսում խաղալիքներով, Ferrero-ն թողարկվում է ավելի քիչ տարբերակով, որը կոչվում է Kinder Joy:

Կինդեր ձվի վաճառքը ԱՄՆ ում արգելված է, որտեղ 1938թ ընդուված օրենքի համաձայն, չի կարելի սննդի մեջ ներդնել ոչ ուտելի առարկաներ:

Կինդերի 30 տարվա գոյության ընթացքում վաճառվել է 30 մլրդ շոկոլադե ձու։

Կինդերի 32 տոկոսը կաթ է, այնպես որ դա ոչ միայն համեղ է, այլեւ օգտակար։

Աղբյուրներ՝

https://4tololo.ru/content/1708

https://www.iammedia.am/hy/post/A-Brand-History-Kinder-Surprise