Փողը և դրա ֆունկցիաները:

Մարդկության մեծագույն հայտնագործություններից մեկը հանդիսանում է փողը:  Ինչպես արդեն գիտենք, փողը շատ կարևոր դեր ունի մարդկային հասարակության  զարգացման գործում: Փողը լայն հասկացություն է, այս պատճառով էլ տարբեր  տնտեսագետներ տվել են տարբեր սահմանումներ, սակայն փողը հնարավոր չէ  մեկ սահմանումով ամբողջովին բնորոշել: Փողն առաջացել է ապրանքային  արտադրության, փոխանակային հարաբերությունների և արժեձևերի պարզ  կամ պատահական, լրիվ կամ ծավալուն, ընդհանրական և դրամական դրսևորումների  զարգացման արդյունքում: Բոլոր քաղաքակրթություններում ապրանքն իրացվում է  փողով, իսկ  ստացված գումարով գնվում է մեկ այլ ապրանք, որն անհրաժեշտ է  արտադրության  կազմակերպման կամ անձնական սպառման համար:

Փողի էությունը:  Սկզբունքորեն փող կարող է լինել վաճառողների կողմից ապրանքերի  և ծառայությունների դիմաց ընդունվող ցանկացած իր: Այնուամենայնիվ, փողին  ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց սկզբնական շրջանում բավարարում էր  ոսկին, իսկ այնուհետև  թղթադրամները: Փողին ներկայացվող պահանջները հետևյալն են՝

1.      Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն,  այլապես  անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:

2.      Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի  մոտ:

3.      Փողը պետք է լինի ամուր, այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ  կառաջանան մեծ դժվարություններ:

4.      Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝  ոսկե  դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող  մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):

5.      Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:

6.      Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆիական  հատկանիշների և արժեքի:

7.      Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում  յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական դրամահատման  գործը:

Փողի էությունը բնութագրվում է այն մասնակցությամբ, որ նա ունի՝

1.      տարբեր ձևի հասարակական հարաբերությունների իրականացման մեջ. փողի  էությունը չի կարող լինել անփոփոխ.այն պետք է արտացոլի տնտեսական  հարաբերությունների զարգացումը և հենց իրենց՝ փողերի փոփոխությունը:

2.      ՀԱԱ-ի բաշխման գործընթացում,

3.      գների որոշման մեջ, որոնք արտահայտում են ապրանքների արժեքը:

Փողը բնորոշվում է բարձր լիկվիդայնությամբ: Լիկվիդային համարվում է յուրաքանչյուր  ապրանք, որը կարող է օգտագործվել որպես վճարման միջոց կամ հեշտորեն վերածվել  վճարման միջոցի և ունի ֆիքսված նոմինալ արժեք: Փողն օժտված է լիակատար  լիկվիդայնությամբ,  այսինքն՝ փոխանակման բացարձակ և իրացվելի միջոց է:

Փողի ֆունկցիաները:  Փողի էությունը ավելի վառ ձևով դրսևորվում է նրա կատարած ֆունկցիաների միջոցով:

Փողը կատարում է հետևյալ ֆունկցիաները՝

1.      արժեքի չափման ֆունկցիա

2.      շրջանառության միջոցի ֆունկցիա

3.      կուտակման և գանձագոյացման ֆունկցիա

4.      վճարման միջոցի ֆունկցիա

5.      համաշխարհային փողի ֆունկցիա:

Փողի արժեքի չափման ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ դրա  միջոցով հնարավոր է դառնում չափել մյուս ապրանքների արժեքները: Փողի այս  գործառույթը կարևորագույն դեր է խաղում ամբողջ հասարակական տնտեսության  կազմակերպման և գուծունեության մեջ, քանի որ միասնական չափի շնորհիվ  հնարավորություն է ստեղծվում չափակցելու և քանակապես համեմատելու տարբեր  ապրանքների և ծառայությունների հարաբերական արժեքները, ճիշտ այնպես,  ինչպես հեռավորությունը չափում ենք կիլոմետրերով կամ զանգվածը՝ կիլոգրամներով:

Փողի շրջանառության միջոցի ֆունկցիան ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ  ապրանքափոխանակությունը անմիջական ձևից անցնում է միջնորդավորված ձևին:  Ընդ որում, եթե արժեքի չափման ֆունկցիայի դեպքում փողի առկայությունը պարտադիր չէր, ապա այս ֆունկցիան առանց փողի հնարավոր չէ իրականացնել:  Այս ֆունկցիան  կատարվում է իրական փողերի միջոցով, որոնք պարտադիր չէ, որ լինեն լիարժեք փողեր:  Փողի այս ֆունկցիան ապրանք արտադրողի համար հանարավորություն է ստեղծում  հաղթահարել անհատական, ժամանակի և տարածքային սահմանափակումները,  որոնք բնորոշ են պարզ ապրանքափոխանակությանը:

Երբ փողը ժամանակավորապես շրջանառությունից հանվում է, պայմանով, որ  հետագայում այն նորից պետք է մտնի շրջանառության մեջ, ապա այս դեպքում  փողը կատարում է կուտակման ֆունկցիա: Փողի կուտակման ֆունկցիան իր  արտահայտությունն է գտնում բնակչության կողմից խնայողություններ  կատարելու ժամանակ: Բնակչությունն իր եկամուտների մի մասը ոչ թե  օգտագործում է ընթացիկ սպառման կարիքների համար, այլ կուտակում է որևէ այլ նպատակի  համար:

Ապրանքի վաճառքի և փողի վճարման ակտերի բաժանման շնորհիվ փողը սկսեց  կատարել մեկ այլ ֆունկցիա՝ վճարելամիջոցի ֆունկցիան: Փողի այս գործառույթը  առաջացել է ՝ կապված կապիտալիստական տնտեսություններում զարգացող  վարկային հարաբերությունների հետ: Գնորդը իր ցանկացած ապրանքը գնելու համար  կարող է չունենալ համապատասխան կանխիկ միջոցներ: Դրա պատճառ կարող է  հանդիսանալ ժամանակի և տարածության մեջ ապրանքների արտադրության և  իրացման պրոցեսների անհամապատասխանությունը: Խնդիրը կայանում է նրանում,  որ արդյունքն արտադրվելուց հետո անմիջապես չի իրացվում, այսինքն՝ չի վերածվում  փողի, բայց նրա սեփականատերը արտադրական և անձնական կարիքների բավարարման  համար պետք է կատարի գնումներ: Սա  պետք է  իրականացնել փողի միջոցով, որը տվյալ  արտադրողը կարող է ունենալ միայն որոշակի ժամանակ անց:

Երբ ապրանքափոխանակությունը դուրս եկավ մի երկրի շրջանակներից և տարածվեց  աշխարհի տարբեր երկրների միջև, այն սկսեց կատարել համաշխարհային փողի  ֆունկցիան: Փողն այս  ֆունկցիան կատարում է իր բնական ձևով՝ ոսկյա  ձուլակտորների տեսքով:

Համաշխարհային փողը հանդես է գալիս 3 ձևով՝

1.      որպես վճարման միջոց

2.      որպես գնման միջոց

3.      որպես ազգային ամբողջական արդյունքի առարկայական միջոց:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *