Որդան կարմիր

Աշխարհում գոյություն ունի այդ միջատների միայն 3 տեսակ` հայկական, մեքսիկական և լեհական, որը տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում: Հայաստանի կարմիր գրքում գրանցված որդան կարմիրը կամ ինչպես շատերն էին կոչում՝ Արարատյան որդան կարմիրը փոքրիկ միջատ է,որը բազմանում է Արարատյան դաշտի տարածքում։ Այս շրջանի համար այն համարվում է էնդեմիկ տեսակ։ Նրանք սնվում են միայն երկու տեսակի բույսերով։ Դրանք են որդանախոտը և եղեգը։ Զարգացման բոլոր փուլերում որդերն ունեն կարմիր գույն, ինչը պայմանավորված է օրգանիզմում կարմինի առկայությամբ։ Սեպտեմբերից մինչև մարտ ընկած հատվածում որդան կարմիրը գտնվում է հողի մեջ։ Նրանք մոտ յոթ ամիս այդպես ձմեռում են։ Մեկ տարում որդան կարմիրը տալիս է միայն մեկ սերունդ։ Ահա թե ինչպես, հողի տակ երկար ժամանակ ձմեռելուց հետո, գարնանը ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները։ Նրանց վերջնական ձևավորումը տեղի է ունենում միայն սեպտեմբերի սկզբին։ Հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում նրանց բազմացումը։ Ի դեպ, արուները զուգավորումից հետո սատկում են, իսկ էգերը նորից մտնում են հողի տակ ձվադրելու։ Հենց այդ ժամանակահատվածում էլ պետք է հասցնել հավաքել էգ որդերին, հայտնի կարմիր ներկը ստանալու նպատակով։ Մեկ հեկտար աղուտից կարելի է հավաքել մինչև 40 կգ որդ, իսկ 1 գրամ որդան կարմիր ստանալու համար անհրաժեշտ է 150-ից 175 կարմրորդ:

ՀԱՎԵՐԺ ՉԽԱՄՐՈՂ ԿԱՐՄԻՐԸ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԱԾ

Անփոխարինելի ներկանյութ

ⅫⅠ դարում, երբ Հայաստանը կորցրեց պետականությունը, որդան կարմիրի արտադրությունը անկում ապրեց։ Շուտով, ⅩⅥ-ⅩⅦ դարերում, համաշխարհային շուկայում հայտվեց մեքսիկական կարմրաորդը։ Մեքսիկական որդի չափսերը հայկական որդան կարմիրից ավելի փոքր էին, սակայն դրանք սերունդ էին տալիս տարեկան հինգ անգամ, ի տարբերություն հայկականի, որը սերունդ էր տալիս տարեկան միայն մեկ անգամ։ Հենց դա էր պատճառը, որ հայկական կարմրաորդը շուկայից սկսեց դուրս մղվել  իր տեղը զիջելով մեքսիկականին։

ⅩⅨ դարում հայտնաբերեցին արհեստական գունանյութերը։ Դրանց արտադրությունը և ավելի հեշտ էր, և էժան։ Թվում էր, թե այն ամբողջությամբ կարող է փոխարինել բնական ներկանյութին։ Մինչ աշխարհը տարված էր նոր՝ արհեստական ներկանյութով, որդան կարմիր պատրաստման բաղադրությունը մոռացության է մատնվում։

Հետագայում ժամանակը ցույց է տալիս, որ արհեստական ներկերը չեն կարող փոխարինել բնականին։ Դրանք իրենց գույնի պայծառությունը շուտ էին կորցնում, նաև առողջության համար վտանգավոր էին։ Որդան կարմիրը վստահորեն և առանց վախենալու օգտագործում էին սննդի մեջ, ինչը չէր կարելի ասել արհեստական ներկանյութերի մասին

Սկսվում են որդան կարմիրի ուսումնասիրության աշխատանքները։ 1830 թվականին այդ նպատակով Հայաստան գործուղվեց Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի տեխնոլոգ և մեխանիկ Իոսիֆ Գամելը: Նրա հետազոտությունների արդյունքում հիմնավոր աշխատություն հրատարկվեց ռուսերեն և գերմաներեն լեզուներով:

XIX դարի սկզբում որդան կարմիրի բաղադրությունը վերականգնելու փորձեր արեց Էջմիածնի Մայր տաճարի վարդապետ Իսահակ Տեր-Գրիգորյանը (1780-1858)` շարունակելով միջնադարի մանրանկարիչ Սահակ Ծաղկարարի ավանդույթները:

XX դարի 30-ականներին խորհրդային կառավարությունը նույնպես փորձեց որդան կարմիրի արտադրություն բացել: Սակայն դա չհաջողվեց կյանքի կոչել` պատերազմը խանգարեց: Արարատյան որդան կարմիրի ուսումնասիրման նախագիծը կրկին կյանքի կոչվեց 1971-ին, սակայն արդյունաբերական մասշտաբների այն այնդպես էլ չհասավ:

Այս ամբողջ ընթացքում շատերն են փորձել բացահայտել որդան կարմիր ներկանյութի ստացման գաղտնիքները։ Իհարկե, մատենադարանում պահպանված ձեռագրերում բավարար տեղեկություններ կան դրա պատրաստման վերաբերյալ։ Սակայն դրանք մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիք ունեն։ Պետք է հասկանալ, թե այս կամ այն տերմինը ինչ նշանակություն ունի և ժամանակային ինչ միավորներ են կիրառվել։

Որդան կարմիրի ոչնչացման պատճառ են հանդիսանում աղուտների ինտենսիվ յուրացումը։ Հողերը սեփականաշնորհելու և անասունների անկանոն արածեցումը հանգեցրել են այս հրաշք որդերի թվաքանակի կրճատմանը։ Մարդուց բացի որդանի համար վնասատու են որոշ տիզեր, բզեզներ, մրջյուններ և թռչուններ:

Որդան կարմիրի ներկի ստանալու տեխնոլոգիան այդպես էլ գաղտնիք է մնացել, քանզի այն մեծ զգուշավորություն է պահանջում։ Հիմա միայն մասնագետներին ու գիտակներին է հասանելի ներկի  տեխնոլոգիան։

Հայաստանում գտնվող 26 արգելավայրերից մեկը հենց Որդան կարմիր արգելավայրն է։ Այս ստեղծվել է 1987 թվականին Արմավիրի մարզում։ Ընկած է Արգավանդ, Արափազ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Արգելավայրի ստեղծման նպատակը որդան կարմիրի պաշտպանութունը արդյունավետ կազմակերպելն է, քանի որ տարեցտարի նրա քանակը գնալով կրճատվում է։ Եթե 20-րդ դարի սկզբին նրանց տարածման արեալը կազմում էր 10000 հա, ապա 1990 թվականին այն ընդգրկում էր ընդհամենը 2000 հա։ Այս արգելավայրում պաշտպանության տակ են վերցրած նաև որդան կարմիրի հիմանական կորաբույսերը՝ որդանախոտը և եղեգը, առանց որոնք այն կդադարի գոյություն ունենալ։