Սյունիքի տեսարժան վայրեր

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով ամենամեծն է Հայաստանում: Տուրիզմի տեսակետից այս մարզն ուշագրավ է իր բնությամբ՝ ժայռեր, լեռնաշղթաներ և անդնդախոր ձորեր, ձորերի միջով հոսող լեռնային գետակներ։ 

Շաքիի ջրվեժ

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում:Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Հին Խնձորեսկ

Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները: Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:
Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:
Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։

Սատանի կամուրջ

Որոտան գետի կիրճում է գտնվում Սատանի կամուրջը, որի երկարությունը մոտ 30մ է: Կամուրջը գտնվում է Որոտանի կիրճի ամենախոր հատվածում` 700-800մ: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ արևի ճառագայթներն անգամ ի զորու չեն թափանցելու նրա հատակը:կառույցը տրավերտիններից կազմված բնական կամուրջ է: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամարը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ:Սատանի կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու: 

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում:

Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Տաթևի վանքը հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։

895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:Վանքի անվան ծագման մասին գեղեցիկ մի լեգենդ է մեզ հասել: Երբ վանքը կառուցող վարպետը ավարտեց իր աշխատանքը, նա խնդրեց Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա երկնքից տեսնի այս գեղեցկությունը: Աստված լսեց նրա խնդրանքը և կատաեց այն: «Տաթև» նշանակում է «Տուր թևեր»:

Ուղտասար

Ուղտասարը լեռ է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է ժայռապատկերներով հարուստ հնավայր։ Այն գտնվում է 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրության վրա:
Ուղտասարի ժայռապատկերները ներկայանում են սև ու մոխրագույն հրաբխային ծագում ունեցող քարերի վրա քարե գործիքներով արված փորագրությունների տեսքով։ Դրանց մեծ մասը համարվում են հուշագրեր` նվիրված ննջեցյալների կյանքին ու հերոսական պատմություններին։ Հարուստ են բույսերի, ծաղիկների և կենդանիների, ինչպես նաև մարդկային ու երկրաչափական պատկերներով արված փորագրությունները։Ուղտասարի կենդանիների ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական խորհրդանիշները։

Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ

Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից: 

Հալիձորի բերդ

Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Շրջապատված է պարիսպներով: Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Ամրոցի հարավարևմտյան անկյունը ուժեղացված է շրջանաձև հատակագիծ ունեցող բուրգով: Ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Եկեղեցին գավիթ չունի: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:

Սիսավանի եկեղեցի

Սիսավանի եկեղեցին վաղ հայկական ճարտարապետության լավագույն օրինակներից է: Ըստ պատերի արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և, շնորհիվ իր կառուցողական ապշեցուցիչ հմտությունների, մեր օրերն է հասել լավ պահպանված վիճակում ու գրեթե առանց վերափոխումների:


Վահանավանք

Վահանավանք վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք: Տեղակայված է Ողջի գետի աջ ափին գտնվող Տիգրանասար լեռան լանջին: Վահանավանքը 9-րդ դարի կառույց է, որի հիմնադրումն համընկել է 9-րդ դարի պատմաքաղաքական բարենպաստ ժամանակաշրջանի հետ:

Զորաց քարե

Զորաց քարեր հայտնի մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Այն կարելի է համարել Հայաստանում գտնվող այն եզակի պատմամշակութային կառույցներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ վարկածներ: Չնայած հետազոտվող տարածքը նույնն է և տարբեր հետազոտողների մոտ որոշ հետևություններ համընկնում են, սակայն հակասություններն առավել շատ են:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *