ղափամայի ծես

Այսօր հագեցած և ուրախ օրերից մեկն էր մեր կրթահամալիրում։Առավոտյան եղանք եկեղեցում ժամերգության, իսկ եկեղեցու բակում երգ ու պարից հետո շարժվեցինք դեպի մարմարյա սրահ,որտեղ մեզ սպասվում էր հյուրասիրություն։Քոլեջը նույնպես մասնակցել է ղափամայի ծեսին և իր ներդրումն է ունեցել դրա մեջ։

Ղափաման պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում:

Դդումի մեջ լցոնած բրինձ, չիր, ընկուզեղեն ու մեղր. սա հայկական ավանդական ղափամայի բաղադրությունն է: Այն անբաժան է եղել հին հայկական տոնական սեղաններից, հայերն այնքան են սիրել ղափաման, որ անգամ երգ են նվիրել դրան: Մինչ օրս էլ այս կերակրատեսակը մատուցում են Ամանորին, զատիկին, հարսանեկան ու ծննդյան տոնակատարություններին ու հանդիսությամբ բերում սեղանի մոտ՝ երգելով  «Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով հոտով ղափամա, հե՜յ, ջա՜ն ղափամա, մեղրը մեջը ղափամա»:

Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, ինչպես պատմեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, ավագ խոհարար Սեդրակ Մամուլյանը, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են: